Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երշիկի շուկայում գերիշխող չկա

Տնտեսություն
be9c04908718f8bfbe2807b392bc467a

Մրցակցային իրավիճակի ուսումնասիրության նպատակով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում: Հանձնաժողովը ավարտել է հերթական վերլուծությունը մի քանի շուկաներում և պարզել դրանցում առկա կենտրոնացվածության աստիճանը:

  Եւ այսպես, հերթական ուսումնասիրությունը ընդգրկում է 5 ապրանքային շուկա, որոնցից բարձր կենտրոնացվածության աստիճան ունի միայն մեկը: Իսկ ընդհանուր առմամբ՝ ՏՄՊՊՀ դիտակետում հայտնված բոլոր շուկաներն էլ մրցակցային են: 

  Մրցակցային իրավիճակը բնական հյութերի շուկայում
 «Բնական հյութեր» ապրանքային շուկայում 2011- ին գործունեություն են իրականացրել 56 տնտեսվարողներ, որոնցից  իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ադամյում» ընկերությունը' (21,13 % մասնաբաժին), «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը' (16,74 % մասնաբաժին) և «Սիս Նատուրալը» ' (13,47 % մասնաբաժին): Հանձնաժողովի դիտարկմամբ բնական հյութերի շուկայում գերիշխողներ չկան:
 
ՏՄՊՊՀ-ը վերլուծել է նաև «Երշիկեղենի» շուկայում առկա մրցակցային իրավիճակը
Երշիկեղենի արտադրության և իրացման ոլորտում գործունեություն են իրականացրել 43 տնտեսվարողներ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Մուշ» ընկերությունը' 19,59 % բաժնով, «Աթենք»  ընկերությունը' 13,98 % բաժնով, և «Բեկոն Պրոդուկտը» ' 12,50 % մասնաբաժնով: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս շուկայում ևս գերիշխող տնտեսվարողներ չկան, այն ունի  կենտրոնացվածության միջին աստիճան:

  «Մակարոնեղեն» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները
Այս ոլորտում գործում են 95 տնտեսվարողներ: Առավել խոշորներն են «Էյ-էյ-էֆ-փի-սի» ընկերությունը' 15,8 % , «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզա» ընկերությունը' 9,3 %  և «Թալգրիգ» ընկերությունը' 9,2 % մասնաբաժիններով: Այս  ապրանքային շուկան ունի կետրոնացվածության ցածր աստիճան:

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև ալկոհոլային խմիչքների 2 նոր շուկաներ, որոնք նախկինում չեն եղել մրցակցային մարմնի տեսադաշտում: Խոսքը գինի և կոնյակ ապրանքային շուկաների մասին է: Այս ոլորտում կատարված նախկին ուսումնասիրությունները ամբողջական պատկերացում չեն տալիս գործող տնտեսվարողների և նրանց իրական ծավալների վերաբերյալ, քանի որ հատկապես վերջին տարիներին տեսանելի են կառուցվածքային էական փոփոխություններ:
 
Որքանո՞վ են մրցակցային «Գինի»  և «Կոնյակ» ապրանքային շուկաները
 «Գինի»  ապրանքային շուկայում ուսումնասիրվել է  41 տնտեսվարողների գործունեությունը: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն 3-ը: Դրանք են. «Պռոշյանի կոնյակի գործարանը»' 22,60 % բաժնով, «Վեդի ալկո» ընկերությունը' 16,68 % բաժնով և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը»' 14,22 %  մասնաբաժնով: Շուկան ամբողջությամբ մրցակցային է. Գերիշխող տնտեսվարողներ չկան:

 Ինչ վերաբերում է տեղական կոնյակի արտադրությանը, ապա Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, այս շուկայում իրացման առավել խոշոր ծավալներ ունեն 3 գերիշխող ընկերություններ' «Երևանի կոնյակի գործարանը», «Պռոշյանի կոնյակի գործարանը» և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը: