Հեռուստատեսության մասին օրենքը փոխվում է
Քննարկելով ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը` գործադիրն ընդունել է դրա անհրաժեշտությունը` պայմանավորված երկրում հեռարձակման թվային համակարգի ներդրմամբ։ Սակայն նախագծում կառավարությունը մատնացույց է արել մի շարք հայեցակարգային և տեխնիկական թերություններ և շեշտել փաստաթղթի լուրջ և արմատական լրամշակման ենթարկելու նպատակահարմարությունը։ Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Օպերան նորոգվում է
ՀՀ կառավարությունը հաստատել է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի տեխնիկական ծառայության ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքը` որպես 8 մլն եվրո պայմանագրային արժեքով կնքված գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման. թատրոնի և համերգասրահի վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, կավարտվի մինչև 2013 թ. առաջին եռամսյակի վերջը։
Նոր ընտրություն
ՀՀ կառավարությունն ընդունել է Լոռու մարզի Դաշտադեմի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
Փոփոխություն օրացույցում
Կառավարության որոշմամբ 2012 թ. ապրիլի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է ապրիլի 28-ը` շաբաթ օր։
Այս մասին հայտնում է Կառվարության մամլո ծառայությունը։