Կիրակի տիտղոսը կփոխանցվի Երեւանին
Այսօր կմեկնարկի եւ մինչեւ ապրիլի 24-ը տեղի կունենա Գրողների համահայկական 6-րդ համաժողովը։ Այն այս տարի համատեղվում է գրական-մշակութային կյանքում երկու այլ կարևոր միջոցառումների մեկնարկի հետ՝ լրանում է հայ գրատպության 500-ամյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել է գրքի համաշխարհային մայրաքաղաք։
Այդ համատեղ միջոցառումների շրջանակում ապրիլի 22-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի փոխանցումը Բուենոս-Այրեսից Երևանին և հանդիսավոր բացումը։
Համաժողովին մասնակցում են պատվիրակություններ 20 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Սիրիայից, Թուրքիայից, Լիբանանից, Իրանից, Ռուսաստանից և այլն։
Այս համաժողովի թեմատիկան կլինի հայ գիրքը և հայ գրատպության ներկա վիճակը Սփյուռքում և Հայաստանում։ Այդ թեմայով նախատեսված են գիտաժողովներ Մատենադարանում և Գրողների միությունում։ Նախատեսված են նաև տարաբնույթ այլ միջոցառումներ։
ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը տեղեկացրեց, որ այս տարվա փետրվարի 1-ին ՀԳՄ նախագահության նիստում միաձայն որոշվել է Սփյուռքի շուրջ վեց տասնյակ անվանի գրողների ընդունել Հայաստանի գրողների միության շարքերը, և համաժողովի ընթացքում նրանց կհանձնվեն ՀԳՄ անդամատոմսերը։
Օգտվելով առիթից ՝«Ա1+»-ի հարցրեց, թե որ քաղաքական ուժին է պաշտպանում այս խորհրդարանական ընտրություններին ՀԳՄ նախագահը՝ պատասխանը եղավ, որ քաղաքական բնույթի հարցազրույցներ չի տալիս։