Նոր նախարարություն ստեղծելու առաջարկ է արվել (տեսանյութ)
Այսօր Հայաստանում չկա էլեկտրոնային համակարգերը կոորդինացնող, տնտեսության ոլորտում ինովացիոն լուծումներ փնտրող պետական մարմին կամ նախարարություն:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր նախարարությունների կատարած աշխատանքները չեն համակարգվում, ծրագրեր իրականացնողները նույն բազաներից չեն օգտվում:
«Այսօր, քանի որ նոր կառավարություն է կազմավորվում, մենք առաջ ենք քաշել նախարարություն ունենալու հարցը»,-ասում է «Ինֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը շարունակում է, թե ստեղծվելիք նախարարությունում պետք է առաջին հերթին ճիշտ մարդիկ ներառվեն, որտեղ ամբողջ պատասխանատվությունը կդրվի ոչ թե միայն նախարարի, այլ եռյակի վրա: «Ինչո՞ւ եմ ասում եռյակ: Որովհետև մի հոգուն համակարգի կողմից խեղճացնելն ավելի հեշտ է, քան մի քանիսին»,- բացատրում է նա։
Միայն այս նախարարությունը, ըստ նրա, իրավասու կլինի պատասխանել ոլորտում ծագած հարցերին, և ուժերը ցաքուցրիվ չեն լինի նախարարությունների միջև:
Ընդ որում, խոսքը հենց տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ստեղծելուն չի վերաբերում, այլ մի նախարարություն, որն, ինչպես նշեց «Ինֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «պատասխանատու է ինովացիաների ներդրման և մոդեռնիզացիայի համար բոլոր բնագավառներում՝ թե՛ կառավարություն ու կրթություն, թե՛ բիզնես ու անհատական օգտագործում»: