Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահ է գալիս, որ վրձնից, կտավից հոգնում եմ»

Հասարակություն
783f6f44566be22d23502f1507707535

Ավանդական ներկն ու վրձինն իրենց տեղը զիջել են շինարարական նյութերին՝ մետաղ, գործվածք, շաղախ: «Պահ է գալիս, որ վրձնից, կտավից հոգնում ես պարզապես»,-խոստովանում է հուլիսի 13-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Ստեղծ-ա-գործողություն» նկարչական նախագծի հեղինակ Տիգրան Սահակյանը: Ներկայացված բոլոր նկարները առանց վրձնի, միայն ձեռքի ափի, մատների միջոցով են արարված:

Ըստ ցուցահանդեսը համակարգող Արա Հայթայանի՝ լեզվամտածողությունը, որ կիրառում է Տիգրան Սահակյանը, շատ տարածված չէ մեզ մոտ ու բարդ է ընկալման համար. «Մեր հանդիսատեսը հեշտությամբ չի կարող կառուցել իր զրույցը այս նկարչության հետ, որովհետև այս նկարչության հետ զրուցելու ավանդույթները մեզ մոտ խոր արմատներ չունեն»:

Առաջին հայացքից թվում է, թե անչափ պարզ են նկարները ու անփորձ մեկն էլ կարող էր դրանք ստեղծել: Այս տպավորությունը երիտասարդ նկարչուհի Աստղիկ Ստեփանյանի կարծիքով խաբուսիկ է. «Այս գործերը արժեքավոր են հատկապես նրանով, որ փորձառու աչքն անմիջապես զգում է՝ նկարիչը այբուբենը՝ ակադեմիականը, իմանալով է այն հաղթահարել՝ անելով այն, ինչ իրեն շատ ավելի հարազատ ու մոտ է»:

Նկարիչ Տիգրան Սահակյանը խուսափում է իր կտավները մեկնաբանելուց. դրանք ամբողջությամբ զգայական դաշտի վրա են հիմնված: Սև գույնի առավել հաճախակի կիրառությունը ևս զգայական վիճակների արտահայտություն պետք է համարել: «Սևը բոլորովին բացասական ենթատեքս չունի, հարազատ է ինձ: Եթե մարդկանց ճնշում է, իմ դեպքում հակառակն է»,-նշեց նա: