Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոզնիցան վայրենությունը չի ընդունում

Հասարակություն
fc9a0711cc0392e63f91f384e8f22755

Կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ կինոփառատոնին մասնակցում է երրորդ անգամ։ Նրա «Մշուշում» ֆիլմը ներկայացված է խաղարկային ֆիլմերի մրցույթում։

«Այս ֆիլմը դասական դրամատուրգիայի ժանրից է։ Եթե իմ նախորդ ֆիլմում հերոս որպես այդպիսին գոյություն չուներ, այն ձուլված էր իր միջավայրին, ապա այս ֆիլմում կա հերոս, որը գործում է, որոշումներ է կայացնում և գտնվում է իրադարձությունների կենտրոնում»,- ասաց ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան։

«Մշուշում» ֆիլմը պատկերում է 1942թ.-ը։ ԽՍՀՄ-ի արևմտյան որոշ շրջաններ շրջափակված են գերմանացիներ կողմից, սակայն տեղի պարտիզանները կատաղի դիմադրում են։ Ստեղծված իրավիճակում, որտեղ խախտված են դավաճանության և հերոսության սահմանները, ֆիլմի գլխավոր հերոսը անարդարացիորեն մեղադրվում է դավաճանության մեջ։ Ֆիլմի գլխավոր հերոսը Վլադիմիր Սվիրսկին է։

«Երբ ֆիլմի մտահղացումը լինում է, ես արդեն տեսնում եմ այն կերպարը, որը պետք է լինի ֆիլմում։ Իսկ Վոլոդիան իր էությամբ համապատասխանում է ֆիլմի հերոսի կերպարին»,- ասաց ռեժիսորը։

Սերգեյ Լոզնիցան համոզված է, որ ֆիլմը հաջողությունների չէր հասնի առանց իր նկարահանող խմբի պրոֆեսիոնալիզմի.

«Նրանք իմ ձեռքերն են։ Ես հիասքանչ խումբ եմ հավաքել։ Նրանց նման մասնագետներ դժվար է գտնել»,- ասաց Սերգեյ Լոզնիցան։

«Մշուշում» ֆիլմը նկարահանվել է 28 օրում, սակայն հեղինակները ֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսել են նկարահանումներից 6 ամիս առաջ։ Սերգեյ Լոզնիցան իր ֆիլմերը նկարելիս որոշակի սկզբունքներ ունի, որոնցով էլ առաջնորդվում է.

«Ես երբեք չեմ ընդունում կոպտություն ու վայրենությունը, իսկ էսթետիկան գալիս է ինքնըստինքյան. դա կախված է կինոյի լեզվից»,- ասաց ռեժիսորը։

Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմն այս տարի արդեն արժանացել է հեղինակավոր Կաննի կինոփառատոնի FIPRESCI (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի) մրցանակին։

Նշենք, որ Լոզնիցան առաջին անգամ «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցել է 2006թ.-ին իր «Շրջապատում» վավերագրականով, իսկ 2010թ. ներկայացրել է «Իմ երջանկություն» ֆիլմը, որն էլ արժանացել է Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին: