«Փոքրիկ իշխանի» հերթական այցելությունը
Հայաստանի գրողների միությունում գործող «Ցոլքեր» մանկապատանեկան գրական կենտրոնի շրջանակներում կազմակերպված «Փոքրիկ իշխան» ստեղծագործական մրցույթը ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանը իբրև ամենաազնիվն է բնորոշում. «Արժևորել ենք այդ պահին մեր դիմաց եղածները՝ առանց կանխակալ վերաբերմունքի՝ առաջնորդվելով պահի զգացությամբ միայն»։
Նա այսպես արձագանքում է այն տեսակետին, թե մրցանակաբաշխություն կոչվածը առաջին հերթին ծանոթ-բարեկամ հասկացությունների հետ է ասոցացվում։
Էքզյուպերիի հերոսը արդեն մի քանի տարի է՝ իր ներկայությամբ ուրախացնում է կենտրոնի սաներին։ Մրցույթը կազմակերպվում է գրեթե ամեն տարի բանաստեղծուհի Սոնա Վանի հովանավորությամբ։ Ժյուրին (Սոնա Վան, Արտաշես Արամ, Վահան Վարդանյան, Հռիփսիմե, Վառլեն Ալեքսանյան) երեք մրցանակային (1-ին՝ Հարություն Հովհակիմյան, 2-րդ՝ Մերի Մկրտչյան, 3-րդ՝ Լուսինե Եղյան և Նորայր Սարգսյան) և մի քանի խրախուսական մրցանակներ (Արփի Վարդանյան, Սաթենիկ Պետրոսյան, Անի Հովհաննիսյան և այլք) շնորհեց։ Պարգևատրումը սիմվոլիկ էր (մրցանակայինները 40000-ական, խրախուսականները՝ 10000-ական դրամ)։
Սոնա Վանի կարծիքով՝ գրականության և ընդհանրապես արվեստի ասպարեզում մրցանակաբաշխություն անցկացնելն ուղղակի անհեթեթ է, քանի որ մի քանի օրիգինալություններ երբեք չեն կարող իրար հետ մրցել ու մրցանակը երբեք չի կարող գլխավոր նպատակ դառնալ։ «Այս և նմանատիպ մրցանակները լոկ շոյանք են գրողի համար»,-նշեց երիտասարդ բանաստեղծուհի Մանե Գրիգորյանը։
Ի դեպ, «Ցոլքեր» գրական խմբակը, որի հետ են կապվում այսօրվա երիտասարդ հեղինակներից շատերի անունները, այս տարի նոյեմբերին կդառնա 10 տարեկան։