Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերհեր գետը ցամաքում է

Հասարակություն
5d23cee14694d4fa3ed00097342573cd

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Արփա գետի աջակողմյան Հերհեր վտակին սպառնացոռ էկոլոգիական աղետի վերաբերյալ։

«Գետի հունը և ջրվեժներից մեկը ամբողջովին չորացել, իսկ Հերհեր ջրվեժից, որը ՀՀ բնության հուշարձանների ցանկում է, շատ փոքր քանակությամբ ջուր է թափվում»,- գրված է հայտարարության մեջ։ Բնապահպանները գետին սպառնացող վտանգը կապում են գետի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի հետ։

«Սա միակ դեպքը չէ, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են փոքր ՀԷԿ-երի շահագործման արդյունքում զգալի վնաս հասցվում շրջակա միջավայրին»,- ասում են նախաձեռնության հեղինակները։
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից բնապահպանները պահանջում են ուսումնասիրել խնդիրը և պարզել, թե Հերհեր գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սեփականատերերը ինչպես են խախտել նորմերը, չորացրել գետի հունը և վերացրել կենսաբազմազանությունը` էկոհամակարգին զգալի վնաս պատճառելով:

ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը Ա1+-ին տեղեկացրեց, որ նախարար Արամ Հարությունյանն արդեն իսկ տեղյակ է նախաձեռնության տարածած հաղորդագրությանը։

«Թեև նախարարն այս պահին Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի հետ գտնվում է Գեղարքունիքի մարզում, սակայն հեռախոսով նրան տեղեկացրել ենք խնդրի մասին։ Նախարարն արդեն հանձնակարականներ է տվել խնդիրն ուսումնասիրելու վերաբերյալ»,- ասաց Հասմիկ Մկրտչյանը։

Նրա խոսքերով Բնապահպանության նախարարությունը նախկինում էլ տեղյակ է եղել Հերհեր վտակին սպառնացող վտանգներին, սակայն այժմ ավելի խորը ուսումնասիրություններ կարվեն՝ խնդրին լուծում տալու համար։