Սփյուռքին էլ թուլացրինք
«Մարդկային տեսակի վերածնունդ պետք է լինի, պետք է փոխել սպառողական հոգենությունը, նյութը կերել է մարդուն»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը:
Նա չի կարողանում հեռուստատեսությամբ եւ կենցաղում լսել նույն՝ ժարգոնով խոսքը. «Ժարգոնը վարակի պես մտել է մեր մեջ, նույնիսկ շատ կիրթ մարդիկ կան, որ օգտագործում են ժարգոնային արտահայտություններ, օրինակ ՝ արագի մեջ արի, արագի վրա արի. ես կողմ չեմ բացարձակապես թորած, գրական լեզվով խոսելուն, բայց ինձ համար ահավոր է, մաշկս չի վերցնում, երբ ժարգոնով են խոսում: Մարդուն գնահատում են ոչ միայն արարքներով, այլեւ խոսելաձեւով, իսկ ժարգոնը դառնում է հոգեբանություն, բնավորություն՝ անկարգ, թափթփված, սրա դեմը պետք է ինչ-որ կերպ առնել»,-մտահոգվում է դերասանուհին:
Նա այսօր բեմերում անհամեմատ քիչ է լինում, քան նախկինում. «Հիմա ասես մեր կարիքը չկա, նույնիսկ չկա այն ժամանակ, երբ նշվում է անկախության, բանակի հոբելյան, այդ ժամանակ նույնիսկ հաշվի չեն առնում, եւ ինչպես միշտ հաղթարշավի մեջ շոու բիսնեսն է: Բայց կա մի շերտ, որ ինչ էլ անեն, այդ շերտի՝ պոեզիայի սիրահարների, ձայնը չեն կարող լռեցնել: Վերջերս որոշեցի մտնել սոցիալական ցանց՝ ֆեյսբուք, եւ տեսա, թե ինչ է կատարվում, Youtube-ից հանում են իմ կատարմամբ գործեր, տեղադրում իրենց պատերին, հասկանում եմ, որ իսկապես մեր ժողովուրդը խոսքի ժողովուրդ է, բանաստեղծություն սիրող ժողովուրդ է, նույնիսկ պաշտոնները կապում են խոսքի հետ, ասում են, չէ, էս մարդը լավ է խոսում»,-նկատում է Սիլվա Յուզբաշյանը:
Հեռուստաեթերում հայտնվել չի ձգտում.
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ սերիալներից հետո ինչ-որ լուրջ պոեզիայի ժամ հեռարձակվի: Ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում, դրա համար էլ տեղից չեմ շարժվում, եթե լիներ մշակութային ալիք, գուցե արժեր ինչ-որ բան ձեռնարկել»:
Բայց որոշակի առաջընթաց այս հարցում Սիլվա Յուզբաշյանը նկատում է. «Կարծես որոշ շարժում կա. մեր նախագահը նկատել էր ու հետաքրքրվել, որ բանաստեղծություններ չեն հնչում եթերում, եւ հիմա ես շաբաթը մեկ անգամ 15 րոպե ռադիոյով կարդում եմ պոեզիայի ժամ»:
Տիկին Յուզբաշյանը օրինակ է բերում ռուսական եթերը, որը պարբերաբար ներկայացնում է ազգային պոետների ստեղծագործությունները. «Մոսկվայի մշակույթ ալիքն եմ նայում, տեսնում եմ, թե ինչ կարեւորություն են տալիս պոեզիային, խոսքի կուլտուրային, ամբողջ հեռուստատեսությունը Եսենինի՝ իրենց ազգային պոետի վրա է աշխատում, չեմ ասում ժամերով, բայց 5-7 րոպե իրենք ներկայացնում են պոեզիա: Մեզ մոտ չկա նման բան, դե ինչ ասեմ, բոլոր ժամանակներում ոգու սով եղել է:Չեմ ասում, թե առաջ ամբողջովին մշակույթի մեջ էինք թաթախված, բայց օդի մեջ կար արվեստի շունչը, գուցե ավելի քիչ համերգներ կային, քան հիմա. ամենուր գովազդներ ու ազդագրեր են, բայց մենք անհաղորդ ենք դրան. Խնդիրը երեւի սոցիալական հիմքեր ունի»:
Սիլվա Յուզբաշյանը ասմունքի երեկոներ շատ հազվադեպ է կազմակերպում. «Մի քանի անգամ արել եմ, բայց հովանավորի աջակցությամբ: Իմ ունկդիրն ով է՝ ուսուցիչը, մտավորականը, այն մարդը, որ կուզի իր դպրոցական երեխան, ուսանողը գա լսի, բայց ինչպես պետք է այդ մարդը տոմսակ գնի, իր օրվա հացի փողի հաշվին, մի քիչ չեմ պատկերացնում»:
Սիլվա Յուզբաշյանն ավելի հաճախ սփյուռքում է գրական երեկոներ ներկայացնում: «Բարեբախտաբար, դեռ դրսում ինձ հիշում են, եւ ամեն տարի հայ համայնքները հրավիրում են, ունենում եմ մենահամերգներ, կարողանում եմ ինչ-որ չափով գոյատեւել: Դրանք կարոտի դահլիճներ են: Չնայած ասեմ, որ նույն Լոս-Անջելեսը, որ կարծես Հայաստանի տրոփյուն զարկերակն է, ինչ այստեղ կատարվում է, այնտեղ արձագանքում է. հեռուստաեթերն էլ նայում են, ամեն ինչից տեղյակ են: Ի դեպ, իրենք էլ են սերիալներ նայում: Իրենց էլ՝ սփյուռքին էլ, մշակութային առումով մենք թուլացրինք։ Եթե առաջ մի արվեստագետ, պոետ դուրս էր գնում՝ դահլիճը լեփ լեցուն էր լինում, հիմա այդպես չէ: Անգամ իմացա, որ ուրբաթ օրերը հարսանիք չեն անում, որովհետեւ սերիալ կա այդ օրը, չեն ուզում բաց թողնել»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց Սիլվա Յուզբաշյանը: