Հրմշտելով-հրմշտվելով գնում-գալիս են (տեսանյութ)
Երևանից ընդամենը 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Եղվարդ քաղաքին սպասարկում է միայն մեկ երթուղային տաքսի՝ 269 համարը։ Ըստ չվացուցակի՝ առաջին Գազելը երթուղի է դուրս գալիս առավոտյան ժամը 7։30-ին։ Ինչպես նշում է Եղվարդաբնակ Հասմիկ Գրիգորյանը՝ նա մշտապես աշխատանքից ուշացել է, քանի որ նրա աշխատանքը սկսվում է ժամը 8-ին։
Առաջին երթուղում տեղ գտնելու համար, ուղևորների խոսքերով, կամ պետք է հաջողակ լինել, կամ տիրապետել հրմշտելու արվեստին։ Սեդա Դանիելյանի խոսքերով՝ հաստատ ցանկալի է նորմալ ձևով երթևեկելը, այլ ոչ թե կանգնած։
Եղվարդաբնակ երիտասարդները մեծ ցանկության դեպքում, անգամ, իրենց երեկոյան հանգիստը չեն կարող անցկացնել մայրաքաղաքում՝ համերգասրահ կամ կինոթատրոն այցելել, քանի որ վերջին երթուղայինը Երևանից Եղվարդ է շարժվում ժամը 22-ին։ Իսկ տաքսու արժեքը 2000 դրամ է, որն ավելի թանկ է, քան այն գումարը, որը տրամադրում են բուն միջոցառման համար։
Եղվարդում տրանսպորտային միջոցների կարգավորման մասին միակ երթուղու՝ 269 համարի վարորդները չցանկացան խոսել, իսկ երթուղու համակարգողը, որը վարորդների շրջանում հայտնի է դիսպեչեր Վրեժ անունով, հարցն իմանալով՝ ուղղակի հեռացավ։
Խնդրի լուծման պատասխանը մեր թղթակիցը փորձեց գտնել Եղվարդի քաղաքապետարանում։ Փոխքաղաքապետ Կարեն Հարությունյանը հայտնեց, թե միջքաղաքային տրանսպորտին վերաբերող հարցերին իրենք իրավասու չեն պատասխանել։