Կրիմսկում սկսել են ձերբակալությունները
Կրասնոդարի մարզում մի շարք պաշտոնյաներ են ձերբակալվել, հուլիսի 7-ին տեղի ունեցած ջրհեղեղից հետո։
ՌԴ քննչական կոմիտեի աշխատակիցները հայտարարել են ձերբակալված պաշտոնյաների անունները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին զգուշացնել բնակչությանը սպասվող ջրհեղեղի մասին։ Ձերբակալվածներն ըստ քննիչների՝ ջրհեղեղի մասին տեղեկացվել էին դեռևս հուլիսի 5-ին և 6-ին։ Այդ մասին նրանց հայտնել են Ռուսաստանի օդերևութաբանական ծառայությունները, տեղեկացնում է «Գազետա ռու»-ն։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի կես գիշերին անսպասելի ջրհեղեղ է տեղի ունեցել Կրասնոդարի մարզում։ Մոտ 7 մետրանոց ալիքը հզոր թափով հորդել է Կրիմսկի շրջանի բնակավայրերի վրա, մասնավորապես հեղեղելով Կուբանն ու նրա քաղաքները՝ Գելենջիկը, Կրիմսկը, Նիժնիբակինսկը և այլ բնակավայրեր։ Ջրհեղեղի հետևանքով զոհվել են մոտ 170 քաղաքացիներ։
Առաջինը ձերբակալվել է Կրիմսկի քաղաքապետը՝ Վասիլի Կրուտյուն, այնուհետև Կրիմսկի շրջանի նախկին ղեկավարն ու շրջանի արտակարգ իրավիճակների կառավարման ղեկավարը։
Հուլիսի 20-ին ձերբակալված պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ անփութության մեղադրանքով։ Նրանց սպառնում է առավելագույնս մինչև 7 տարի ազատազրկում։