ԱՄՆ-ում թուրքերը զրկվեցին մենաշնորհից
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը մերժել է թուրքական ընկերություններին մենաշնորհ շնորհելու մասին օրինագիծը, այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը։
Պալատի երկու կուսակցություններ մերժել են «2011 թվականի բնիկ հնդկացի ցեղերի հետ առևտրի և ներդրումների ցուցադրական նախագծի մասին» բանաձևի հաստատումը, որով նախատեսվում էր թուրքական ընկերություններին Ամերիկայի հնդկացի ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք շնորհել։
Ըստ Ամերիկայի հայկական համագումարի` օրինագիծը չի ընդունվել անհրաժեշտ ձայների մեծամասնությունը՝ երկու երրորդը, չապահովելու պատճառով։
Օրինագծին հատկապես խիստ բացասական գնահատական է տվել հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը։
«Պարզ ասած՝ նման օրինագծի ընդունման համար գոյություն չունի որևէ ծանրակշիռ պատճառ: Իրականում, առկա են բազմաթիվ հիմքեր, որոնց պատճառով այս օրինագիծը պետք է տապալվի», - ասել է Փալոունը։
Մեջբերելով բազմաթիվ մտահոգություններ՝ ներառյալ Հայոց ցեղասպանության շարունակվող հերքումը և Հյուսիսային Կիպրոսի օկուպացումը՝ կոնգրեսական Փալոունը հորդորել է իր գործընկերներին դեմ քվեարկել այս օրինագծին: