Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում 30 էսպերանտիստ կա

Հասարակություն
1f29a72290534312b13699bd731836a4

Բաբելոնի աշտարակաշինությունից հետո մարդկությունը փնտրում է միմյանց առանց տարածական, կրոնական ու ժամանակային անջրպետի հասկանալու միջոցը՝ ստեղծելով զանազան արհեստական լեզուներ։ Այսօր ամբողջ աշխարհը ամենից տարածված արհեստական լեզվի՝ էսպերանտոյի միջազգային օրն է նշում։

Հայաստանը այն 120 երկրների շարքում է, որտեղ կան արհեստական էսպերանտո լեզվի կրողներ։ Էսպերանտիստների թիվը Հայաստանում 1988 թվականից հետո կտրուկ նվազել է։ Եթե մինչև 80-ական թվականները լեզվով հետաքրքրվողների թիվը անցնում էր 200-ից, այսօր հազիվ 30-ն են։

Չնայած քանակական փոքրաթվությանը՝ հայկական էսպերանտո միության անդամները ուժերի ներածին չափով թարգմանչական և ուսուցողական ծրագրեր են իրականացնում։

«Ժամանակին էսպերանտիստ Գուրգեն Սևակի թարգմանությամբ լույս տեսած Իսահակյանի «Աբու-Լալա Մահարին» ճապոնացիներին հնարավորություն տվեց այն թարգմանել նաև ճապոներեն»,-ոգևորությամբ ասաց հայկական էսպերանտո միության նախագահ Սուսաննա Բաղդասարյանը։

Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ էսպերանտո միության անդամները՝ էսպերանտիստ, լեզվաբան Երջանիկ Գևորգյանն ու Սուսաննա Գևորգյանը, գերմանագիր, ազգությամբ հրեա Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» գիրքն են թարգմանելու։ «Թող աշխարհը ծանոթանա հայ մարդու ճակատագրի հետ։ Ու որպեսզի ծանոթությունը սուբյեկտիվ երանգներ չունենա, դիմել ենք հրեա հեղինակի»,-ասաց Սուսաննա Գևորգյանը։ Ծրագրվում է թարգմանությունը տպագրության հանձնել 2014 թվականին։ Առաջիկայում ցանկություն կա էսպերանտոյով ընթերցողի սեղանին դնել նաև Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։

Ներկայումս միայն 191 դպրոցում են էսպերանտոյի արտաժամյա անվճար դասընթացներ կազմակերպվում։ Այսօր Հայաստանի ազգային գրադարանում մի շարք երեխաներ իրենց իմացությունը ցուցադրեցին՝ էսպերանտոյով երգելով մեր հիմնը, «Նժդեհիկների քայլերգը», կարդալով մի շարք հայ հեղինակների ստեղծագործություններ։ Տարիքային որևէ սահմանափակում չի դրվում։ 62-ամյա տիկին Մարգոն էլ, հետևելով թոռնիկի օրինակին, սկսել է սովորել ու ընթերցումների ժամանակ իր իմացած հատուկենտ բառերն էր որսում և թարգմանում։

Չնայած մեծ ցանկությանը՝ միությունը գործում է միայն Երևանի տարածքում։ Մարզերն անմասն են տարվող աշխատանքներին։ Թերացումների պատժառը ֆինանսական բացն է։ «Ֆինանսական ոչ մի օժանդակություն չունենք, միայն 100-ական դրամ անդամավճար ենք հավաքում, այն էլ՝ ոչ միշտ»,-ասաց հայկական էսպերանտո միության նախագահը։

«Ա1+»-ի այն հարցին, թե ինչու չեն դիմում պետական մարմիններին, օրինակ՝ մշակույթի նախարարությանը, Սուսաննա Բաղդասարյանն արձագանքեց. «Չենք դիմել, քանի որ հույս չունենք, որ կօգնեն»։

Ի դեպ, 2011 թվականից հայկական էսպերանտո միությունը կազմակերպում է էսպերանտոյի միջազգային շաբաթը Հայաստանում: Այս տարի այն անցկացվեց հունիսի 27-ից հուլիսի 3-ը և նվիրված էր էսպերանտոյի 125 և հայ տպագիր գրքի 500-ամյակին: