Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը «կառուցապատում չհայտնաբերեց»

Հասարակություն
6c59287c86272576e243096b3b8ee577

«Ա1+» բնակիչներից բողոք էր ստացել, թե Քաջազնունի փողոցի թիվ 10 եւ 8 շենքերի միջնամասում գտնվող կանաչ տարածքում` «4*4» ավտոլվացման կետի հարեւանությամբ կառուցապատում է իրականացվում։

17 օր առաջ «Ա1+»-ը հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ ի՞նչ իրավական հիմքով է տրվել կառուցապատման թույլտվությունը եւ որքանո՞վ է օրինական կանաչ տարածքում կառուցապատումը։

«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տեղեկացնում է, որ Ձեր կողմից նշված հասցեում (Քաջազնունի փողոցի թ.10 և 8 շենքերի միջնամասում) նոր կառուցապատում չի հայտնաբերվել»,- սա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցած պատասխանն է «Ա1+»-ի հարցմանը 17 օր անց։

Ի դեպ, նույն հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարությունից առաջարկեցին դիմել Երեւանի քաղաքապետարան։

Քաղաքապետարանի այսօրվա պատասխանը առավել զարմացրել է բնակիչներին:

«Ո ՞նց չեն հայտնաբերել, բա սա ի ՞նչ է : Նշանակում է` կառուցում են քաղաքապետարանի հովանու ներքո»,- փողոցում մեզ հետ զրույցում իմանալով քաղաքապետարանի պատասխանի մասին տարակուսկանք հայտնեց բնակիչներից Անահիտ Վարդանյանը:

« Ես այստեղ վարձով եմ ապրում, սակայն իհարկե լավ չի, որ կանաչ տարածքում է կառուցվում »,-ասաց մեր մյուս զրուցակիցը :

«Քաղաքաջնունի փողոցը վերջին 10 տարում պատվել է քարե բուտկաներով: Շատ վատ չի, համեմատած մյուս փողոցների հետ, բայց կարելի էր, որ քանդեին այս փողոցի բուտկաները եւ կանաչապատ տարածք կառուցեին, որովհետեւ մենք ունենք խաղաղահրապարակ, որի կողքը կանաչ տարածք չկա»,- հավելեց բնակիչ Նելլի Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ օրերս քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց. «Մենք չեղյալ ենք համարում քաղաքաշինական բոլոր այն փաստաթղթերը, որոնք ժամանակին տրվել էին բակային տարածքներում կառուցապատում իրականացնելու նպատակով: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. բակերը բացառապես պետք է ծառայեն բնակիչներին»

Որոշ տեղեկություններով՝ կառուցապատումն իրականացնում է Երեւանի ավագանանու ԲՀԿ-ական անդամ Արմեն Սահակյանը,ում պատկանում է նաեւ ավտոլվացման կետը։

Ի դեպ, երբ մեր թղթակիցն այցելել է տարածք, Արմեն Սահակյանը արգելել է լուսանկարել ` հայտարարելով, թե դա իր սեփականությունն է եւ որ ամեն ինչ օրինակության սահմաններում է: