Կրթության նախարարներն էլ կհավաքվեն Երեւանում
Հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2012 թվականի կայանալիք` ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքների իրականացման և անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։
Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նիստին մասնակցում են ՀՀ պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ:
ԿԳՆ արտաքին կապերի և Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տ. Սահակյանը, հայտնել է, որ հստակեցվել են համագումարի անցկացման ժամանակացույցը, օրակարգը և նախանշված ծրագրերը:
ԱՊՀ գործադիր կոմիտեի անունից բոլոր մասնակից պետություններին ուղարկվել են մասնակցության հայտեր. արդեն ստացվել է չորս մասնակից պետությունների համաձայնություն:
Համագումարին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի շուրջ 20 պատվիրակություն, որոնց կազմում ընդգրկված շուրջ 500 պատվիրակներից 250-ը կներկայացնեն ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները:
Համագումարի ընթացքում նախատեսվում է անցկացնել կրթական EXPO ցուցահանդեսներ, որի շրջանակում յուրաքանչյուր պատվիրակություն կունենա իր տաղավարը: Բացի այդ, առաջիկայում կգործարկվի նաև համագումարի աշխատանքները լուսաբանող կայք:
Նիստի ընթացքում նաև նշվել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարին զուգահեռ Երևանում տեղի կունենա նաև ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների 19-րդ համագումարը:
Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։