«ԲՆ-ի առաջարկները լղոզված են»
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի համար անընդունելի են Բնապահպանության նախարարության Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկու բացահանքին վերաբերող այսօր արած առաջարկները, որոնք արվել են ԲՆ-ում այսօրվա հանրային քննարկման ժամանակ։
Բնապահպանության նախարարության առաջարկները «Ա1+»-ը հայտնել էր ավելի վաղ:
«Բնապահպանության նախարարության առաջարկները լղոզված են, «Էկո Աուդիտ ՍՊԸ կողմից ներկայացված» «Գեոթիմ»ՓԲԸ-ն ոչ մի արձագանք չի տալիս, նրանք ասում են, որ ոչ մի ազդեցություն չի լինի շրջակա միջավայրի վրա, «Գեոթիմը» չի ընդունում հասարակական կարծիքը: Այսօրվա հասարակական լսման ժամանակ մեզ համար պարզ էր, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն արդեն իսկ եկել էր պատրաստված եզրակացություններով: Նախարարությունն առաջարկում է առաջնոդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով, սակայն ըստ օրենքի այն տարածքում, որտեղի բույսերն ու կենդանական աշխարհի ներկայացուցիչներ գրանցված են Կարմիր գրքում, չի թույլատրվում հանք շահագործել։
Հիմա ի՞նչ՝ ընկերությունը պետք է ասի, այստեղ Կարմիր գրքում գրանցված բույս կա, այդ հատվածին ձեռք մի տվեք: Ինչ վերաբերում է Սևանա լճի պահպանությանը, ապա հանքի շահագործումը պարզապես աղետ կլինի Սևանի համար »,-ասաց Ինգա Զարաֆյանը, հավելելով, որ նախարարության բոլորն առաջարկներն ուղղակի անհասկանալի են: