«Հին Էրիվանն» էլ չի վաճառվում
«Հին Էրիվան» ռեստորանի պատշգամբից այլեւս կախված չէ «վաճառվում է» ցուցանակը, որով ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը մտադիր էր վաճառել ռեստորանը, պարտքերի դիմաց «Յունիբանկին» հանձնելու փոխարեն:
Այսօր Հայաստան վերադարձած սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է, այլեւ չվաճառեն «Հին Էրիվանը» : «Ամեն ինչ անում ենք, որ չվաճառենք: Ես եմ պնդում, որ բանկում կատարեն ճիշտ հաշվարկ, վճարեմ, դուրս գամ»,-ասաց սեփականատերը:
Հիշեցնենք, որ «Հին Էրիվան»- Յունիբանկ դատական վեճը ձգվում է արդեն մեկ տարի: Վարկային պարտքերի պատճառով Յունիբանկը դիմել էր դատարան` ռեստորանը սնանկ պահանջով: Բանկի այս պահանջը մերժվել է, սակայն դատական վեճը շարունակվում է: Մասնավորապես «Հին Էրիվանի» սեփականատերը համաձայն չէ տուգանքների ներկայացված չափի հետ եւ պնդում է, որ դրանք չափազանցացված են :
«Յունիբանկից» պնդում են, որ միակ նպատակը վարկային պայմանագրերի շրջանակներում տրամադրված դրամական միջոցների վերադարձն է, ինչին էլ բանկը հետամուտ է լինելու օրենքի շրջանակներում: «Բանկը որեւէ բան պնդելու իրավունք չունի : Տուգանքները ցանկացած պահի ի վիճակի ենք վճարելու, եթե իրենք ճիշտ հաշվարկ կատարեն»,- ի պատասխան հայտարարում է սեփականատերը:
Ժամանակին «Հին Էրիվանի» սեփականատերն ասում էր, որ «Յունիբանկի» ղեկավարությունն աչք ունի ռեստորանի վրա: Հետաքրքրվեցինք, թե այսօր եւս այդպես է կարծո՞ւմ : «Հիմա ամեն մեկը հարեւանի ունեցվածքի վրա աչք ունի : Ով ում ունեցվածքի վրա աչք չունի՞,-պատասխանեց Մանվել Տեր -Առաքելյանը` շարունակելով,-Մենք հայ են, բայց` ով էս պարագայում ինչ ախորժակ ունի, ես չեմ կարող ասել : Իրենց հետ չեմ հանդիպել, չեմ կարող պնդել հիմա ով ինչ ցանկություն է հետապնդում : Հիմա անում ենք ամեն ինչ, որ ռեստորանը մնա եւ շարունակի իր գործունեությունը»: