Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1-ը» ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում է

Հասարակություն
667c5726f8187a174016d1067a70ff14

2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու պայմանները դեռ պարզված չեն ու իշխանությունների կողմից հիմնավոր պատճառաբանություններ չեն եղել: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի եզրակացության մեջ, որի առիթով լրագրողներին էին հանդիպել երեք ՀԿ-ի ներկայացուցիչներ։ Նրանք մասնակցել են այդ քննարկմանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր նշեց, որ կոմիտեն նաեւ իր մտահոգությունն է հայտնել, որ մարտի մեկի իրադարձությունների համակողմանի քննություն չի իրականացվել ոչ միայն տասը զոհերի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ պատժելու ու զոհերի հարազատներին փոխհատուցում սահմանելու, այլեւ այդ օրերին ոստիկանության ուժերի անհամաչափ կիրառման իմաստով:

Արթուր Սաքունցը նշեց, որ բոլոր այս հարցերի վերաբերյալ պետությունը մեկ տարի անց պարտավոր է հաշվետվություն ներկայացնել:

Անդրադառնալով զինված ուժերի գործունեությանը,Արթուր Սաքունցի խոսքերով, կոմիտեն կոչ է անում ՀՀ իշխանություններին վերացնել «դեդովշինա» հասկացողությունը, ինչպես նաեւ՝ կանխարգելել զինված ուժերում մահվան եւ խոշտանգման դեպքերը, իսկ փաստի առկայության դեպքում տրամադրել անհրաժեշտ փոխհատուցում: Ինչ վերաբերում է այլընտրանքային ծառայությանը, ապա կոմիտեն առաջարկում է ՀՀ իշխանություններին ստեղծել ծառայության այնպիսի պայմաններ, որպեսզի մասնավորապես Եհովայի վկաներ կազմակերպության անդամները չհրաժարվեն դրանից:

Ինչպես Արթուր Սաքունցը, այնպես էլ Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ ծրագրերի համակարգող Մարինե Մարգարյանը եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանը՝ իբրեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, մասնակցել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի քննարկումներին: Մարինե Մարգարյանը մասնավորապես անդրադարձավ դաշնագրի մեկ այլ դրույթի՝ սեռական բռնությունների բացառմանը: Դա հատկապես վերաբերում է լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ բռնությանն ու ճնշումներին: «Պետությունը պետք է երաշխավորի նրանց անվտանգությունը եւ համապատասխան պատիժ սահմանի նման դեպքերի համար, իսկ զոհերին կամ տուժածներին պետք է փոխհատուցում տրամադրի»:

Իսկ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանը խոսեց կոմիտեի հրապարակած կանանց խտրականության մասին եզրակացության սկզբունքներին: Ըստ նրա՝ կանանց նկատմամբ խտրականությունը շատ բարձր մակարդակի վրա է, իսկ դա գալիս է նրանց ցածր ներգրավվածությունից հասարակական ու քաղաքական ոլորտներում: «Դա վերաբերում է նաեւ կանանց ու տղամարդկանց հավասարությանը, որն արտահայտվում է մասնավորապես ընտրություններին հավասար քվորտաների տրամադրմանը»,- նշեց նա:

Տիկին Ահարոնյանը ընդգծեց, որ կոմիտեի ուշադրությունը կենտրոնացված էր ընտանեկան բռնությունների վրա, որը ՀՀ-ում դեռեւս չի դիտվում որպես քրեական ակտ եւ առաջարկ է եղել արագ ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը.
«Բացի այդ՝ պետք է վերապատրաստվեն ոստիկանները, դատավորներն ու բժիշկները, որպեսզի արագ վերհանեն այդ դեպքերը, ավելացնեն բռնության ենթարկված կանանց համար նախատեսված ապաստարանները, որոնք դեռեւս չեն համապատասխանում միջազգային չափանիշներին եւ գտնվում են միայն Երեւանում»: