Հռիփսիմե Խուրշուդյանը օլիմպիադայի մեդալակիր
Լոնդոնի օլիմպիական խաղերում այսօր պատմական իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանի համար: Ծանրամարտի կանանց մրցումների ժամանակ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ ծանրորդուհին մեդալ նվաճեց:
Հրազդանցի Հռիփսիմե Խուրշուդյանը +75 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մրցանակի: Մեր մարզուհին պոկում վարժությունում 128 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Հռիփսիմե Խուրշուդյանը բարձրացրեց 166 կգ ծանրաձողը եւ երկամարտի 294 կգ արդյունքով բարձրացավ 3-րդ տեղ` ետեւում թողնելով 2008 թ օլիմպիական չեմպիոնուհի, հարավկորեացի Մի Ռան Յանգին:
Այս քաշային կարգում օլիմպիական չեմպիոնուհի հռչակվեց չինուհի Լուլու Զուուն, ով երկամարտում ցույց տվեց 333 կգ արդյունք: Ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան հաղթողից ետ մնաց 1 կգ-ով: