Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործը կուղարկվի հանրային տրիբունալ

Հասարակություն
6499f5a2bd995f9d84fb2821d8a9c26d

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի ծեծկռտուքի հետեւանքով մահացած բժիշկ Վահե Ավետյանի քրեական գործը պետք է քննի հանրային արդարության տրիբունալը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամներն ու փաստաբանները, որոնք հանդես են եկել այն ստեղծելու նախաձեռնությամբ:

««Հարսնաքար»-ի միջադեպը համակարգային բնույթով իրականացված հանցագործությունն է, որի արդյունքում մեր հասարակության մեջ արդարության ճգնաժամ է: Այդ իմաստով տրիբունալի ստեղծումն արժանապատվության պաշտպանություն կլինի»,-ասաց Նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը:

ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ ՀՀ-ում չկա որեւէ մեկը, որ ասի՝ վստահում է դատաիրավական համակարգին:

«Կոչ ենք անում բոլորին ջատագով լինել այդ տրիբունալի ստեղծմանը, քանի որ «Հարսնաքար»-ի միջադեպը սադիստներին խրախուսելու մի տարբերակ էր, կազմակերպված, խմբակային անպատժելիության մթնոլորտում կատարված մի սպանություն: Իմ կարծիքով՝ այս սպանության իրագործողներն այն նույն մարդիկ են, որոնք մարտի մեկին են սպանություն արել։ Չէ՞ որ մարտի մեկի մեղավորներն ազատության մեջ են մնացել»,-ասաց նա։

Վահե Ավետյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենք 20-ից ավելի միջնորդություններ էին ներկայացրել նախաքննական մարմին, որոնք մերժվել են:

Մասնավորապես միջնորդել էին, որ «Հարսնաքար»-ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը եւս որպես կասկածյալ ներգրավվի քրեական գործում։

Ըստ փաստաբանի ՝ միջդատավարական գործընթացն ընթացել է բազմաթիվ խախտումներով ու խոչընդոտներով. «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ՝ թե ներպետական, թե միջազգային ատյաններում»։

«Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ, գրող-հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը հայտարարեց, որ սատարում են փաստաբաններին:

«Իրավապահներն ամեն ինչ արեցին՝ հովանավորելու Ռուբեն Հայրապետյանին ու գործը չբացահայտելու համար: Մենք դատապարտում ենք նրանց կողմնակալ ու հանցավոր գործելակերպը. այն մարտահրավեր է յուրաքանչյուր քաղաքացուն ու Սահմանադրությանը: Իրավապահ մարմինները, ակնհայտ, գիտակցված անգործությամբ չկատարելով իրենց պարտականությունները, իրենց դուրս են դրել Սահամանդրությունից ու հանդես են գալիս կամայականություններով»,- ասաց նա:

Նա հայտարարեց, որ քրեական գործը դատարանը չպետք է վարույթ ընդունի, այլ պետք է այն նորից քննել, ինչպես նաեւ՝ առաջարկել ԱԺ-ին՝ քրեական գործի շրջանակներում քննարկել ՀՀ Գլխավոր դատախազին, Ոստիկանապետին ու քննչական վարչության պետի հրաժարականների հարցը:

Հիշեցնենք, որ քրեական գործն արդեն ուղարկվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նաեւ որոշում է կայացվել՝ նշված հանցագործությանը մասնակցած, քրեական գործով ինքնությունը չպարզված անձանց վերաբերյալ մասն անջատելու մասին։