Վարդան Մամիկոնյանին կլուսավորեն
Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մինչև նոյեմբերի 15-ը ավարտել քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը:
Քաղաքապետին զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ հանրակրթական դպրոցներն ու դրանց հարակից տարածքները հիմնականում պատշաճ տեսքի են բերվել և պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել 2012 թվականի ծրագրերի շրջանակում նոր կառուցվող վերգետնյա հետիոտն անցումները մինչև սեպտեմբեր 1-ը բնակիչներին հանձնելու ուղղությամբ: Քաղաքապետը հատկապես կաևորել է ուսումնական հաստատությունների մոտակայքում կառուցվող անցումների շահագործման հանձնումը` հանձնարարելով խստորեն վերահսկել հատկապես այդ աշխատանքների սահմանված ժամկետում կատարումը:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին և ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի համար նախորդ շաբաթվա ընթացքում երթուղիներից ժամանակավորապես դուրս է բերվել թվով 10 մեքենա, ձեռնարկվել են նաև համապատասխան միջոցներ չթույլատրված վայրերում, մասնավորապես հասարակական տրանսպորտի կանգառներում և կամարանցումներում, ավտոմեքենաների կայանումը բացառելու ուղղությամբ:
Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման գործընթացի հետ կապված քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 18 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ խիստ հսկողությունը` հնարավոր դեպքերը բացառելու համար:
Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարն շենքերի պատերին և հենասյուներին անհայտ անձանց և կազմակերպութունների կողմից փակցված հայատարարությունների մաքրման աշխատանքները: Բացի այդ, այս շաբաթ կմեկնարկեն հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների առաջին խմբաքանակի տեղադրման աշխատանքները:
Անդրադառնալով մայրաքաղաքում առկա արձանների մինչև լուսաբաց լուսավորությամբ ապահովելու քաղաքապետի հանձնարարականին` «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ գույքագրված 63 արձանների լուսավորության ժամերը երկարեցվել են և այժմ արձանները լուսավորված են մինչև լուսաբաց: Զեկուցվել է նաև, որ աշխատանքներ են տարվում հնարավորին սեղմ ժամկետում Վարդան Մամիկոնյանի արձանի գեղարվեստական լուսավորման աշխատանքները ևս ավարտելու ուղղությամբ:
«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտվել են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման աշխատանքները, իսկ մայրաքաղաքի այգիներում և պուրակներում էլ շարունակվում են համանման համակարգերով ապահովելու աշխատանքները:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։