Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերը դպրոց չե՞ն ուզում գնալ

Հասարակություն
3ca2723c0a5f1f007a43eaf04061b11b

Չնայած սիրիահայերի հանրակրթությունը ապահովելու ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներին ՝ դպրոցներում, մասնավորապես Կենտրոն համայնքի թիվ 182, Արաբկիրի թիվ 54 և Նոր-Նորքի թիվ 62 ուսումնական հաստատություններում, մեծ ակտիվություն չի գրանցվել։

Այս պահի դրությամբ՝ Կենտրոն համայնքի թիվ 182 ավագ դպրոց 7-8 սիրիահայ է ընդունվել, Արաբկիր համայնքի թիվ 54 դպրոցում՝ 4-ն են, իսկ Նոր Նորքի ավագ դպրոցը որևէ սիրիահայ աշակերտ չունի։

Հիշեցնենք, որ հաշվի առնելով Սիրիայում ստեղծված լարված իրավիճակը՝ Հայաստան վերադարձած դպրոցահասակ սիրիահայերի կրթությունն ապահովելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հանձնարարականով առանձնացվել էին երեք դպրոցներ՝ Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 և Նոր-Նորք համայնքում` թիվ 62 ուսումնական հաստատությունները:

Նախնական այս պայմանավորվածությանը, ինչպես նշեց ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը, նպատակ ուներ սիրիահայ աշակերտների մեծ քանակության դեպքում մշակել հատուկ նրանց համար նախատեսված կրթական ծրագիր։

Նրա հավաստմամբ՝ ներկայումս հատուկ հանձնարարական է տրվել բոլոր դպրոցների տնօրեններին ընդունել սիրիահայերին, անգամ առանց փաստաթղթերի առկայության։

Ի դեպ, Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում մոտ 60 սիրիահայ աշակերտներ արդեն երկու ամիս է՝ արևելահայերեն են սովորում։ «Օրական վեց ժամ դպրոցում են»,-ասաց դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը։

Նրա հավաստմամբ՝ տարիքային տարբեր խմբերի երեխաները երկու խմբի են բաժանվել՝ ավագ և միջին տարիքի։

Սեպտեմբերի 1-ից նրանք նույնպես կորոշեն, թե կոնկրետ որ դպրոցում են կրթությունը շարունակելու։

Թիվ 1 դպրոց առայժմ փաստաթղթեր է ներկայացրել 7 աշակերտ։