Կա մեղադրյալ, չկա տուժող
«Արման Վեզիրյանի գործով կա մեղադրյալ, սակայն չկա տուժող»,- այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է Արման Վեզիրյանի պաշտպան Նինա Կարապետյանցը եւ միջնորդել հայցվոր Տիգրան Մանուկյանին ներգրավել որպես տուժող։
Հիշեցնենք, որ Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 30-ին ԱԺ նախընտրական շրջանում Հայ Ազգայի Կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից քարոզչանյութեր բաժանելու ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով։ Ըստ քրեական գործի՝ Արման Վեզիրյանը հարվածել է Տիգրան Մանուկյանին եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 118 հոդվածով՝ ծեծ հատկանիշներով։
«Եթե կա անձ, որը կատարել է ապօրինի գործողություններ, նշանակում է պիտի լինի էլեմենտ, որը տուժել է»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Նինա Կարապետյանցը։
Պաշտպանի խոսքերով՝ նա միջնորդել է որպեսզի Տիգրան Մանուկյանը ներգրավի որպես տուժող, սակայն դատավոր Նելլի Բաղդասարյանը միջնորդության քննարկումը հետաձգել է։
«Հավանաբար պիտի քննարկումներ անցկացվի, որոշվի կարելի է նման բան անել, թե՝ ոչ»,- նշեց պաշտպանը։
Այսօր դատարանում ցուցմունքներ են տվել գործով անցնող երկու վկաները՝ Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանը եւ Տիգրան Մանուկյանի հորեղբոր կինը՝ Սեդա Մանուկյանը։ Դավիթ Գասպարյանը մանրամասն ներկայացրել է միջադեպը, իսկ Սեդա Մանուկյանը կրկին փոխել է իր նախաքննական ցուցմունքը։
Սեպտեմբերի 5-ին հաջորդ դատական նիստի ընթացքում ցուցմունք կտա գործով անցնող մյուս վկան։