ՆՓԱԿ-ը 20 տարեկան է
1992թ. ընդամենը 9 արվեստագետների իր շուրջ համախմբած Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ) արդեն 20 տարեկան է։
Սեպտեմբերի 18-ին բացվելիք «9+20» խորագիրը կրող ցուցահանդեսը կենտրոնի անցած ճանապարհն է խորհրդանշում։
«Ինը արվեստագետներով սկսեցինք 1992-ին, և անցել է քսան տարի»,- ասաց ցուցահանդեսի համահամադրող Գագրիկ Ղազարյանը։
Ցուցահանդեսը հանդիսատեսին հասանելի է լինելու շուրջ մեկ ամիս։ «9+20»-ի համադրող Սոնիա Պալասանյանի ցանկությունը ժամանակակից արվեստի ներկայիս իրավիճակը ներկայացնելն է։
Ցուցահանդեսի շրջանակներում մեկ շաբաթ անընդմեջ ժամանակակից երիտասարդ հեղինակներն իրենց ստեղծագործություններն են ընթերցելու ՆՓԱԿ-ում։ Մատուցման ձևը հեղինակներն են ընտրելու՝ ունկնդիր-գրող փոխըմբռնումը հեշտացնելու համար։
Կենտրոնի 20-ամյակի առթիվ տարվա սկզբից մի շարք փառատոններ և ցուցահանդեսներ են կազմակերպվել, ինչպես քանդակագործ Միսակ Մաղաքյանի ցուցահանդեսը, Ամենամյա այլընտրանքային երիտասարդական փառատոնը, երկու կինոփառատոն՝ «Մի կադր» (ավելի քան 50 երկրից մասնակիցներ) և «Ժանգոտ դդում»։
Իսկ Էդուարդ Պալասանյանի համադրած «Ուխտասարից մեր օրեր» ցուցահանդեսը դեռ չի ավարտվել (փակումը՝ սեպտեմբերի 7-ին)։ «Արվեստի զարգացման պատմական պրոցեսն է ցուցադրված և ՆՓԱԿ-ի ներդրումը այդ ընթացքի մեջ», -ասաց համահամադրող Սոնա Աբգարյանը։