Զոլյանը հեռանում է
1962 թ-ից սկսած սա առաջին սեպտեմբերի 1-ն է, երբ ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը չի գնալու որեւէ ուսումնական հաստատություն՝ սովորելու կամ դասախոսելու համար։
Հիշեցնենք, որ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանը ապրիլի 17-ին ազատվել է աշխատանքից՝ առանց նախարարի թույլտվության ՀՀ-ից բացակայելու հիմնավորմամբ։ ԲՈՒՀ-ն արդեն ունի նոր ռեկտոր։
Սուրեն Զոլյանը դատական կարգով վիճարկում է Արմեն Աշոտյանի հրամանը եւ կայացած նախորդ դատական նիստերի ընթացքում, ըստ Զոլյանի, նախարարության ներկայացուցիչները որեւէ փաստարկ չեն կարողացել ներկայացնել, թե ինչ հիմքերով է Արմեն Աշոտյանը նկատողություն տվել իրեն։
Իսկ վաղը կայանալիք դատական նիստի ընթացքում, ըստ ԵՊԼՀ նախկին ռեկտորի, կսկսվի երկրորդ մասը, որտեղ պատասխանող կողմի ներկայացուցիչները պետք է տեղեկացնեն, թե ինչ ստուգումներ են իրականացվել համալսարանում եւ ինչեր են բացահայտել։
«Վաղը պարզ կդառնա՝ պարոն Աշոտյանն իսկապես պետական այր է, թե սովորական խաբեբա»,- հայտարարեց պարոն Զոլյանը։
ԵՊԼՀ նախկին ռեկտորն այսօր նաեւ տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվելուց հետո մինչ այսօր որեւէ բուհից աշխատանքի առաջարկ չի ստացել։ Նա գտնում է, որ դա Կրթության եւ գիտության նախարարի ցուցումով է։
Իսկ շուտով Սուրեն Զոլյանը երեք ամսով մեկնելու է Հայաստանից՝ Տալինի համալսարանում գիտական գործունեությամբ զբաղվելու համար։
Ինչո՞ւ է դատավարության փուլում հեռանում Հայաստանից, արդյոք նրան ստիպել են՝ Զոլյանը նշեց, որ պարտադրանքը կա, քանի որ այս պահին աշխատանք չունի։