Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ սիրիահայը Հայաստանում չի կարող մնալ

Հասարակություն
c5f7a6082f49f5f1816e4c52a95496c8

Սփյուռքի նախարարությունը չի կարող որեւէ լուծում առաջարկել սիրահայ Հինդոյանների ընտանիքին:

Ըստ մամուլի` այս ընտանիքը, ներառյալ 5 երեխաներ, արդեն 40 ժամից ավելի է գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ նրանց վիզա չեն տրամադրում Հայաստան մտնելու համար։

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք ընտանիքից որեւէ փաստաթուղթ չի ստացել. «Պարզապես 2 օր առաջ տեղեկացված ենք եղել, որ նման ընտանիք ժամանել է Հայաստան, սակայն պետք է տեղեկացնեմ, որ մեր նախարարությունը վիզաների տրամադրման հարցերով չի զբաղվում. դա մեր գործառույթների մեջ չի մտնում, այնպես որ մենք որեւէ բան չէինք կարող մերժել»:

Պարոն Զաքարյանը վստահեցրեց, որ փորձել են որոշակի լուծում գտնել` դիմելով Արտաքին գործերի նախարարություն ու Ազգային անվտանգության ծառայություն, սակայն վերջնական որոշում կայացնողը Սփյուռքի նախարարությունը չէ. «Անձամբ ես խոսել եմ, որ ԱԳ նախարարի տեղակալի ու համապատասխան աշխատողի հետ: Նրանք վստահեցրել են, որ հարցն իրենց վերահսկողության տակ է ու տեսնենք` ինչ որոշում կկայացվի: Հիմա սպասողական վիճակում ենք. ասել են, որ սիրիահայ ընտանիքի հարցը ուսումնասիրման փուլում է»:
Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալասանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չի եղել Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի զանգի մասին, սակայն նա եւս իր կողմից նշեց, որ Արտգործնախարարությունը եւս իրավասու չէ այդ հարցով, քանի որ ՀՀ տարածքում իրենք չեն զբաղվում մուտքի արտոնագրերի տրամադրմամբ:

Նույն կերպ արձագանքեց նաեւ ԱԱԾ` նշելով, որ սիրահայ ընտանիքի հարցով զբաղվում է ՀՀ Ոստիկանությունը, որն էլ արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ` նշելով, որ «ՀՀ ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ»:

Նշենք, որ սիրահայ ընտանիքը հայտարարել է, որ իրենց տրամադրել են Ստամբուլի վաղվա չվերթի տոմսեր, սակայն բացի այդ նրանցից պահանջել են 1400 եվրո` արտաքսման համար:

«Տիկին Հրանուշ Հակոբյան, Դուք չե՞ք, որ ամբողջ օրը TV-ով հայտարարում, որ մեր դռները բաց են Սփյուռքին: Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին: Իսկ հիմա մերոնց ԱՌԱՆՑ որևէ բացատրության մերժում եք, և ստորաբար վերաբերվում նրանց: Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել:

Իսկ այսօր մեր հարգելի ԿՈՒՇՏ անվտանգությունը հրահանգել է առանց որևէ պատճառի իրենց հետ ուղարկել վաղվա թռիչքով ՀԵՏ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ընտանիքի անդամ Մեսրոպ Հինդոյանը։