Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կտա բնությանը նոր օրինագիծը

Հասարակություն
2c77b8274f2535c2ed4277f090fa1591

Հոկտեմբերին «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Բնապահպանության նախարարության ներկայացրած նախագիծը կմտնի Կառավարություն, իսկ մինչև տարեվերջ՝ Ազգային ժողով: Այսօր օրենքի նախագիծը ներկայացվեց հանրային քննարկման:

Ըստ նախագծի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Վիկտոր Մարտիրոսյանի՝ լավ է այն օրենքը, որ փոփոխման է ենթարկվում, զարգացման հնարավորություն է տալիս:Նախագծի մշակման աշխատաքային խմբում ներառված են եղել ինչպես բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության և այլ նախարարության, այնպես էլ միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ:

Ինչպես նշեց օրինագծի համահեղինակ Սամվել Բալոյանը, նախագիծը ներառում է 30-35 փոփոխություն: Գործող օրենքում հատուկ պահպանման տարածքների չորս կատեգորիաների (արգելոց, ազգային պարկ, արգելավայր, բնության հուշարձան) փոխարեն օրենքի նախագիծը առաջարկում է առանձնացնել վեցը՝ ավելացնելով նաև պահպանվող լանդշաֆտ և բնական պաշարի կառավարվող տարածք կատեգորիաները: Ընդ որում, ըստ նախագծի՝ ավելացված կատեգորիաները կարող են ինքնուրույն կառավարվել ՏԻՄ-երի կողմից:

Գործող օրենքում հստակ չէ, թե ով է հոգում հատուկ պահպանման տարածքների ծախսերը, սահմանված չէ արգելավայր մուտք գործելու վճարը, ինչպես նաև ինչ անթույլատրելի գործողությունների համար է պետք այցելուից գումար գանձել: Այս և այլ կետեր հստակեցված են ՀՀ օրենքի նախագծում:

Նախագծի ներկայացումից հետո քննարկման մասնակիցները իրենց դիտարկումներն արեցին: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը բարձրաձայնեց իր առաջարկներն ու նախագծում առկա բացթողումները: Օրինակ նշեց, որ նախագծի համաձայն՝ ազգային պարկերում, արգելոցներում և արգելավայրերում արգելվում է բաց եղանակով հանքի շահագործումը, սակայն նշված չէ, թե արդյոք կարելի է փակ եղանակով հանք շահագործել, թե ոչ: Այստեղից, ըստ Արսեն Գասպարյանի, կարելի է եզրակացնել, թե այն հնարավոր է:

Քանի որ նախագծի մշակման աշխատանքային խումբը հետևել էր էլեկտրոնային մամուլում և սոցկայքերում ծավալված քննարկմանը, նախօրոք պատրաստել էր պատասխանները: