Աշոտյանը չի խնդրել տնօրեն դառնալ
Շատ զգույշ եղեք ծնողների հետ խոսակցություններում եւ մանկավարժների հետ ձեր տեսակետների արտահայտման ժամանակ: Նման պատգամ արեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը թիվ 114 դպրոցում հանրապետության 106 ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպում-խորհրդակցության ժամանակ:
«Ոչ թե զգույշ եղեք, որովհետեւ ինձ գալիս, հասնում է, ես այլակարծություն հարգող մարդ եմ, մանավանդ երբ այն խարսխված է օբյեկտիվ իրականության վրա, այլ ուղղակի ցանկացած անզգույշ արտահայտված խոսք դառնում է այս կամ թաղամասում քննարկման առարկա` որ հեսա ընտրություններից հետո ավագ դպրոցները փակելու են ու նման բազմաթիվ անհեթեթ խոսակցություններ, որոնք մեզ չպետք է խանգարեն կենտրոնանալու մեր հիմնական անելիքների վրա»,-ասաց նա։
Նախարար Աշոտյանը բացի առաջիկայում նախատեսվող ծրագրերից, մի քանի զգուշացումներ ու կոնկրետ հրահանգներ տվեց դպրոցների տնօրեններին: Մասնավորապես նա նշեց, որ կա մանկավարժական ներուժի «ավելցուկ, գերարտադրություն, նրանց թիվն ավելի մեծ է, քան աշակերտների թիվը». «Մենք չենք հանդուժելու պարտքով ավագ դպրոցներ: Տնօրենից պահանջվում են հավելյալ կառավարչական հմտություններ` սահուն կերպով իրականցնել աշխատուժի կոնսոլիդացում կամ օպտիմալացում»:
Աշոտյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ից մշտական մոնիթորինգի տակ են գտնվելու նախ եւ առաջ մայրաքաղաքի ավագ դպրոցները. «Երեխաների հաճախելիության հետ կապված կեղծ տվյալների հայտնաբերման դեպքում տնօրենը շատ արագ ազատվելու է աշխատանքից»:
Նա նաեւ ընդգծեց, որ ԿԳ նախարարությունը նոր գումարներ ավագ դպրոցներին այս տարի չի հատկացնելու. «Ինչ-որ հասնում է աշակերտների թվով, մենք տալիս ենք, ավելի շատ ենք տալիս, քան նախորդ տարի: Ճիշտ տնօրինեք այդ ֆինանսները, աշխատուժը, ճիշտ ղեկավարեք դպրոցը: Ես ոչ մեկին չեմ դիմել խնդրանքով` դառնալ տնօրեն, դուք եք ցանկանում աշխատել ավագ դպրոցի տնօրեն` եթե չի ստացվում, համարձակություն ունեցեք ինքներդ դրա մասին բարձրայնելու»:
Արմեն Աշոտյանը նկատեց, որ դպրոցների մի մասը կարողացել է մտնել հունի մեջ, զգում է բարեփոխումների ընթացքը, մյուս մասը` դեռ ոչ, քանի որ դեռ կան ուսուցման կազմակերպման եւ դասագրքերի հետ կապված խնդիրներ. «Իմ ակնկալիքները ձեզանից շատ մեծ են` մենք ունենք հսկայական զիլ բանակ հմուտ մանկավարժների ու լավ տնօրենների: Հուսով եմ, որ ոչ միայն ես եմ ձեր կողքին, այլեւ դուք եք իմ կողքին»:
Վերջում նախարարը եւս մեկ անգամ ընդգծեց, որ 12-ամյա կրթությունը ՀՀ-ում այլընտրանք չունի, թեեւ այն դեռ լիարժեք չի կայացել եւ դեռ փորձարկման ռեժիմում է գտնվում: Ելույթից հետո նա լքեց խորհրդակցությունը։ Իսկ տնօրենները քննարկումը շարունակեցին ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ։
Ինչ վերաբերում է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի այսօրվա հայտարարություններին վաղվա դատական նիստի հետ կապված, նախարար Արմեն Աշոտյանը «Ա1+»-ին ասաց. «Ես վաղուց չեմ մեկնաբանում լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտորի հատարարությունները: Ես չեմ ցանկանում լրատվամիջոցների միջոցով այս կամ այն հրապարակային, կամ հանրային ճնշում գործադրել, կամ կարծիք ձեւավորել դատարանի մոտ»:
Հիշեցնենք, որ որ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանը ապրիլի 17-ին ազատվել է աշխատանքից։ Սուրեն Զոլյանը դատական կարգով վիճարկում է նրա հրամանը եւ այսօր հայտարարել է, թե «Վաղը պարզ կդառնա՝ պարոն Աշոտյանն իսկապես պետական այր է, թե սովորական խաբեբա»: