«Ես հպարտ եմ հայ լինելու համար»
2012 թ օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոյիստ Արսեն Գալստյանը, եկարատեւ ընդմիջումից հետո կրկին հայրենիքում է:
«Ես առաջին անգամ եմ գալիս Հայաստան այն բանից հետո, երբ 1997 թվականին ընտանիքով մեկնեցինք Մայկոպ: Հայաստան եմ ժամանել նախեւառաջ իմ ծննդավայրում` Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում լինելու եւ իմ հարազատներին տեսնելու համար: Սակայն Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան այնպիսի ընդունելություն կազմակերպեց «Զվարթնոց» օդանավակայանում, որ կարծես թե Հայաստանի մարզիկ եմ: Ես անչափ շնորհակալ եմ նման հյուրասիրության համար»:
Խոսելով օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու մասին, Արսեն Գալստյանն ասաց, որ դա ՌԴ ձյուդոյի հավաքականի թիմային աշխատանքի եւ իրեն հավատալու ադյունքն է:
«Ինձ շատ են օգնել իմ թիմակիցները, գլխավոր մարզիչը, որը վերջին պահին ինձ ընդգրկեց օլիմպիական թիմի կազմում: Ես պարտավոր էի որւեէ ձեւով պատասխանել նրանց»:
Ի դեպ, Արսեն Գալստյանը արդեն մտածում է հաջորդ օլիմպիական խաղերի մասին: «Իմ առաջիկա ծրագրերի մեջ մտնում է լավ նախապատրաստվել 2016 թ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին: Ամեն ինչ անելու եմ օլիմպիական երկրորդ ոսկին նվաճելու համար»:
Ինչ վերաբերում է Հայաստանից հանդես գալու հեռանկարին, ապա Արսեն Գալստյանը ասաց.
«Հայաստանը իմ հայրենիքն է եւ ես հպարտ եմ հայ լինելու համար: Սակայն Ռուսաստանը նույնպես դարձել է իմ երկրորդ հայրենիքը եւ ես առաջիկա տարիներին մտադիր եմ հանդես գալ այդ երկրի դրոշի տակ»: