«Մադոննան» հայտնվեց սեւ ցուցակում (տեսանյութ)
Ծերանոցների եւ մանկատների միջոցով «Մադոննան» կողոպտել է մեր պետական բյուջեն։ Բացահայտումն արել է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը։
« Մենք արդեն 200-ից ավել դեպքեր ունենք եւ բոլոր դեպքերը մենք ուղարկել ենք իրավապահներին»,- ասում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
«Մադոննայից» բացի եւս չորս կազմակերպություն մեղադրվում է պետական գնումների միջոցով ծերանոցների եւ մանկատների հաշվին փող աշխատելու մեջ
Ըստ ՏՄՊՊՀ փորձագետ Անի Ստեփանյանի՝ «Ընկերությունները մրցույթների շրջանակում վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ շուկան բաժանելով միմյանց միջեւ, ինչպես նաեւ դրա արդյունքում ապրանքները մատակարարել են շուկայականից զգալիորեն բարձր գներով»։
Արտակ Շաբոյանը շտապում է ավելացնել՝ մեղավոր են նաեւ պետական պաշտոնյաները։ Սակայն վարույթ է հարուցվել տնտեսվարող 5 սուբյեկտի, ներառյալ «Մադոննայի» նկատմամբ. «Մենք այսուհետ սեւ ցուցակ ենք կազմելու եւ պետք է այնպես անենք, որպեսզի չարաշահողները հնարավորություն չունենան մասնակցելու պետգնումների շրջանակում անցկացվող մրցույթներին»։
18 սոցիալական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված չարաշահումների չափը հանձնաժողովն առայժմ չի հրապարակում, բայց տեղեկացնում են, որ ծերանոցներում եւ մանկատներում սննդամթերքի, գույքի եւ տնտեսական ապրանքների ձեռքբերման համար պատասխանատուները հաճախ համը հանել են
Հանձնաժողովը խոստանում է, որ քարը քարի վրա չի թողնելու, սա դեռ սկիզբն է, խոստանում են նոր բացահայտումներ, սակայն դեռ միայն պետական գնումների ոլորտում։