Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչն ապահովագրենք՝ մի բեկոր...»

Հարցազրույց
b53a451f4657d47f5af497c050dcbf2d

Կառավարության որոշմամբ, դեկտեմբերին Հայաստանի պատմության թանգարանի գլխավոր մուտքին հարող կամարակապ ճեմասրահում կկազմակերպվի «Քարերը ժողովելու ժամանակը» ցուցահանդեսը։ Այդ նպատակով թանգարանը հանրապետության 10 մարզերից Երեւան կբերի 63 քարե ցուցանմուշներ՝ խաչքարեր, արձանիկներ, կոթողներ։ Կառավարության ձեռնարկը վերջին օրերին հասարակական քննարկման առարկա է դարձել։ Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցնում է, որ բոլոր ցուցանմուշները վերադարձվելու են իրենց «հարազատ վայրերը»։

Տիկին Գրիգորյան, շուրջ մեկ ամսից ցուցահանդեսը սկսվելու է։ Նմուշներն արդեն Երեւանու՞մ են։

Կառավարության հաստատած 63 ցուցանմուշներից 40-ն արդեն տեղափոխվել է Երեւան: Դրանք հիմնականում ճարտարապետական բեկորներ են, կոթողների բեկորներ, որոնք իրենց վրա կամ իրենց մեջ կրում են վաղ քրիստոնեական, նաեւ՝ հեթանոսական շրջանի պատկերագրեր, զարդանախշեր։ Հիմա մեր խնդիրներից է փրկել, կատարել որոշակի վերանորոգչական աշխատանք, մաքրել, ամրակայել, որովհետեւ այս նոր բերած նմուշների մեջ կան եռատված, երկատված նմուշներ, դրանք պետք է միացվեն, ամրացվեն: Դեռ ընդամենը մեկն ենք մաքրել, որը հրաշք է՝ վաղ շրջանի Աստվածամայրը մանկան հետ:

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ցուցանմուշների տեղափոխումը պետք է իրականացնի թանգարանը՝ իր միջոցների հաշվին։ Որտեղի՞ց են գոյացել այդ միջոցները։ 

Էդ էն միջոցներն են, որոնք ժամանակին Մշակույթի նախարարությունն է տրամադրել, մի մասը թանգարանի աշխատած միջոցներն են, այսինքն՝ արտաբյուջետային միջոցները։ Մոտավորապես, խոսքը գնում է 10 միլիոն դրամի մասին:

Քանի որ նմուշները քարից են, պետք է ենթադրել, որ դրանք թեթեւ չեն։ Ինչպե՞ս է իրականացվում դրանց տեղափոխումը։

Ցուցանմուշները ոչ միայն թեթեւ չեն, այլեւ դրանց տեղափոխումը շատ բարդ է: Տեղափոխման աշխատանքներով զբաղվում է մի խումբ, որը մշտապես մասնակցում է թանգարանի արտասահմանյան ցուցադրությունների ժամանակ՝ արհեստավարժ մարդիկ են, որոնք հենց տեղում փաթեթավորում են համապատասխան նյութերով, տեղադրում են: Դուք պետք է տեսնեք, թե ինչ հակասություն կա առկա իրավիճակի եւ տեղափոխման համար մեր ձեռնարկած միջոցառումների մեջ, թե ինչպիսի խնամքով են փաթեթավորում մի բան, որը տարիներով մամուռի, կեղտի մեջ ընկած է եղել: Մասնագիտական վերաբերմունք կա, որ ժամանակի ընթացքում վնասված կոթողները գոնե տեղափոխման ընթացքում փոքր-ինչ անգամ չվնասվեն:

Ցուցանմուշները տեղափոխումից առաջ ապահովագրվե՞լ են։

Ի՞նչն ապահովագրենք՝ մի բեկոր, որը Լոռվա ձորում 600 մետրի վրա հարյուրավոր տարիներով վեր ընկած է եղե՞լ, որ տղաները մինչեւ իրենց սարքած հատուկ կոնստրուկցիաներով բարձրացրել են վերեւ, մոտավորապես երեք ժամ է անցել: Ի՞նչ ապահովագրության մասին ենք խոսում: Ապահովագրություն կարող է լինել, եթե մենք նույնիսկ ամենափոքր նմուշը ուղարկում ենք արտասահմանյան ցուցադրության: Այս նմուշներն արդեն իսկ ապահովագրությունից դուրս են:

Նախատեսվում է, որ ցուցանմուշներն իրենց «հարազատ» տեղերն են վերադարձվելու 2016-ին։ Այնուամենայնիվ, դրանք Երեւանում պահելու գոնե նախնական ծրագիր չկա՞։

Բոլոր նմուշները անպայմանորեն վերադարձվելու են: Չնայած, որ հետ վերադարձնելը մեզանից լրացուցիչ ծախսեր են պահանջելու, բայց ես գերադասում եմ վերադարձնել: Ցուցահանդեսի նպատակներից մեկն էլ նա է, որ այն կլինի տեղի մարդկանց համար ազդակ, որ սրանք արժեքավոր իրեր են եւ դրանք պահել է պետք: Ֆրանսիայից հատուկ նյութեր ենք բերել նմուշների կոնսերվացիայի համար, ինչը կպաշտպանի տեղումներից, հողմահարությունից, որովհետեւ երրորդ, չորրորդ դարերից եկող նմուշներ էլ կան: Գյուղացիներ կան, որոնք այս կոթողներին վերաբերում են իրենց անձնական սեփականության նման եւ չեն էլ մտածում դրանք խնամելու մասին։ Բերված քարերի մեջ մեկը կա, որի վրա այնքան մոմ են վառել, որ վրայի պատկերն ընդհանրապես տեսանելի չէ։ Իսկ մենք բերում ենք, մաքրում, խնամում, ճանաչելի ենք դարձնում դրանք եւ վերադարձնում իրենց տեղերը։  Ի միջի այլոց, որեւէ կոթող, որը տեղում ամրակայված է, չի բերվելու:

Նախաձեռնության քննադատները նշում են, որ «անշարժ կոթողները» հենց անշարժ էլ պետք է մնան, եւ որ դրանք իրենց միջավայրում են արժեքվոր։ 

Գիտեք, այսօր եթե խոսում ենք, թե որոշակի միջազգային ճանաչում ունենք՝իբրեւ մշակութային ազգ, ապա շնորհիվ այն բանի, որ Թորոս Թորամանյանի, Գարեգին Հովսեփյանի պես ջատագովների ջանքերով մեր մշակույթի վկայությունները թանգարանում են, որ դրանք ցուցադրվում են, որ դրանք գնում են այս ու այնտեղ ցուցադրության:

Տարեկան Պատմության թանգարան մոտ 200 հազար մարդ է մտնում, եւ ցուցանմուշները դիտողները կտեղեկանան ոչ միայդ դրանց գոյության մասին, այլեւ դրանց գտնվելու մասին եւ սա լավ «գովազային արշավ» նաեւ կարող է լինել: Ցուցահանդեսի ժամանակ ցուցանմուշներին կից տեղադրվելու է տեղեկատվություն դրանց պատմության, ինչպես նաեւ գտնվելու վայրի համառոտ նկարագրով, եւ նաեւ՝ թե տվյալ մարզում քանի մշակութային կոթող է հաշվառված եւ այլն։  Ճիշտն ասած, ուզում էի նկարագրող պաստառների վրա ցուցադրել նաեւ կոթողների նախնական վիճակը, բայց ամաչեցի։ Պատկերացնու՞մ եք, որ օտարը գա, տեսնի, թե մաքրած, փայլեցրած կոթողն ինչ վիճակում է եղել մի քանի ամիս առաջ։ Չէ՞ որ դա մենք ենք։ 

Մտահոգություն կա նաեւ, որ կրկին ամեն ինչ կենտրոնացնում ենք Երեւանում։

Տեղյակ եմ, որ մի պատգամավոր է ելույթ ունեցել Ազգային Ժողովում հայրենասիրական ճառով (Վանաձորից ընտրված Էդմոն Մարուքյանը -խմբ.)։ Ես կուզեի, որ նա մեզ հետ գար եւ տեսներ, թե Վանաձորի  Բարձրաքաշ եկեղեցին (7-րդ դար - խմբ.) ինչ վիճակում է։ Եկեղեցին ձորի բերանին է. քանդվում է՝ բեկորները թափվում են ձորը։ Այդ պատգամավորին պետք էր տանել այդտեղ, որ իր ձեռքերով քարշ տար էդ քարերը։ Հասկանում եմ, որ նման կերպ փորձում են հայտարարել իրենց գոյության մասին։ Ներողամիտ եմ, բայց զայրանում եմ, որ առանց հարցի էության մեջ խորանալու շատերը ձայնակցում են. մի հատ ճշտիր, մի հատ կարդա փաստաթղթերը, չէ՞ որ գրված է՝ 2016-ին վերադարձնել իրենց տեղերը։ Այ այն ժամանակ որ տեսնես՝ չեմ վերադարձնում, նոր աղմուկ կբարձրացնես։

 

Զրուցեց Հակոբ Կարապետյանը