«Մարդ քիչ է մնում ցխկվի» (տեսանյութ)
ԱԺ-ում «2013թ. պետական բյուջե»-ի քննարկմանն աչքի ընկավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ելույթը: Նա հանդես եկավ ՀԱԿ խմբակցության անունից: Դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ նա նշեց, որ ՀՀԿ մատնանշած ամբոխավարությունը ընդդիմության կողմից չէ. «Բերեք, գրատախտակ դրեք, կամ հանեք ձեր մոբիլնիկները, ես թվերն ասեմ, դուք գրեք»:
Ըստ նրա՝ պետական բյուջեին հատկապես Ֆինանսների նախարարն ու Կենտրոնական բանի նախագահը թեթեւամտորեն են վերաբերվում եւ բյուջեում հիմնավորումներ են ներկայացնում, որոնք իրականությունից հեռու են: «Մարդ քիչ է մնում ցխկվի: Ի դեպ, ինձ ասում են, թե ես բարձր եմ խոսում, ուզում եմ ասել, որ մեզ չի կարելի է վախեցնել ձեր փորի մկանների ճռճռոցով»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ այս բյուջեով աղքատության դեմ սկսված սրբազան պատերազմը մնալու է, ինչպես մեր մյուս պատերազմները, բարոյական հարթության վրա. «Սա սողալլուկ բյուջե է: Մենք դեմ ենք մի բյուջեի, որը ստիպելու է ՀՀ քաղաքացուն սողալ ու նպաստել արտագաղթին»:
ՀՀԿ խմբակցության անունից հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ի պատասխան ընդդիմության՝ նա հայտարարեց. «Ամոթ է, երբ ասում եք, թե մենք բյուջեն նախընտրական քարոզչամիջոց ենք դարձրել: Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է պետք անել ու հենց հիմա էլ կարող ենք բարձրացնել աշխատավարձերը, սակայն մենք չենք ուզում կորցնել մեր երկիրը ու շարժվել պահի ազդեցությամբ. մեզ համար առաջնայինը տնտեսության զարգացումն ու առաջընթացն է»:
Անդրադառալով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե ինքը, վերլուծելով ներկայացված բյուջեի նախագիծը, ասում է բացարձակ ճշմարտություններ եւ բյուջե կոչված տորթի համամասնությունները սխալ են, տիկին Նաղդալյանն ասաց. «Երբ հիմա խոսում եք բացարձակ ճշմարտություններից ու տորթի մեծությունից, հիշեք, որ ձեր կառավարության ժամանակ դուք ասում էիք. «Տորթի կտորներն ավելի քիչ են, քան ցանկաողների քանակը, համակերպվեք»: