Բյուջեի քննարկումներն ընդմիջվեցին (տեսանյութ)
Կառավարությունը ներկայացրել է այնպիսի մի բյուջե, որի նպատակն է ժողովրդին ու պետությանը զերծ պահել ավելորդ ցնցումներից ու ռիսկերից։ Այսօր 2013-ի պետական բյուջեի վերաբերյալ ամփոփիչ ելույթի ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա, ներկայացվել է հավասարակշռված, զուսպ բյուջե: «Իհարկե, շատ մեծ է գայթակղությունը նախագահի ընտրություններից առաջ ներկայացնել մի բյուջե, որտեղ նշված են բարձր աշխատավարձեր, կենսաթոշակներ, սակայն մենք զերծ ենք մնացել ավելորդ ցնցումներից», - ասաց վարչապետը:
Նա ընդունեց, որ հասարակության մեջ կան դժգոհություններ, ու այդ նպատակով պատգամավորներից ստացված շուրջ 60 առաջարկությունների համար նա շնորհակալ եղավ ու վստահեցրեց, որ կառավարությունը պատրաստ է դրանց մի մասն ընդունել ու համագործակցել: «Համոզված եմ, որ քննադատներից մեծ մասը ազնիվ մղումներից ելնելով են դա անում՝ նպատակ ունենալով ապրելու ավելի բարեկեցիկ երկրում»:
Տիգրան Սարգսյանը թվարկեց պատգամավորների ներկայացրած այն հարցերի շրջանակը, որը կարող է կառավարության հետ երկխոսության համար հիմք հանդիսանալ. «Առաջին հերթին կցանկանամ նշել տնտեսական աճի վերաբերյալ հարցադրումներին, թե ինչպիսի ճյուղային արդյունաբերության քաղաքականություն պետք է վարել, որ միտված կլինի նաեւ արտահանման ծավալների մեծացմանը եւ կտա լավ արդյունք»:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցություններին, որոնց ներկայացուցիչները մասնակցել էին կառավարության հրավիրած հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքներին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ «2013թ. պետական բյուջե»-ի քննարկումները 4 օրով ընդմիջվում են, իսկ պատգամավորները 24 ժամվա ընթացքում պետք է ներկայացնեն առաջարկություններ: