Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատ գործատուներ կրթված չեն

Տնտեսություն
6e263fe18dd1a5f80087089c1a0597de

Գործատուների միությունը երիտասարդներին և գործազուրկներին աշխատանքով ապահովելու համար ունի իր սեփական մոտեցումը։ «Մենք գործազուրկներին ուսուցանում ենք և օգնում ենք, որպեսզի իրենք աշխատանք գտնեն, կամ իրենց սեփական բիզնեսը սկսեն»,- ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

ՀԳՀՄ նախագահը, սակայն, նշում է, որ այս ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք խոչընդոտում են երիտասարդներին նոր գործ սկսել։

«Իրենք մտավախություն ունեն, որ արդյո՞ք իրենց չեն ճնշի, չեն խանգարի»,- ասում է պարոն Մակարյանը։ Ոլորտի գլխավոր խնդիրներից մեկն էլ, ըստ ՀԳՀՄ նախագահի, շատ գործատուների չկրթված լինելն է։

Այսինքն՝ նրանցից շատերը ձեռնարկատիրական կորողություններ չունեն. «Դա անհրաժեշտ է նրա համար, որ նրանք դուրս գան ստվերայնությունից և հակված չլինեն կոռուպցիոն ճանապարհով լուծելու»։

Գագիկ Մակարյանն խոսում է բազմաթիվ չլուծված խնդիրների մասին, որոնք թույլ չեն տալիս, որ Հայաստանում զարգանան փոքր ձեռնարկությունները։

«Դրանք առիթ են տալիս ստուգող մարմինների կողմից տարբեր կամայականությունների և օրենքների ոչ հստակությունը բերում է երկակի իմաստներ։ Կառավարությունը միջավայրը բարելավելով, միաժամանակ, անընդհատ մնում է հակված տեսչական ստուգումներվ կանոնակարգել խնդիրները»,- ասաց միության նախագահը։

Որպես օրինակ՝ Գագիկ Մակարյանը բերեց վերջերս Սննդի անվտանգության ծառայության կողմից պանիր արտադրողների տուգանումը։ «Ես դա համարում եմ ոչ էֆեկտիվ ճանապարհ։ Ուրախ կլինեի, որ ավելի շատ կրթական ճանապարհով գնայինք»,- ասաց գործատուների միության նախագահը։

Ի դեպ, Հայաստանի գործատուների հանրապետական միությունն այսօր նշում է իր գործունեության 5 ամյակը։