Նյութաունում աշակերտները վերադարձան դպրոց
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում այսօր աշակերտները վերադարձել են դասարաններ: Դասերը վերսկսվել են քաղաքի բոլոր դպրոցներում, բացի «Սենդի Հուք» տարրական դպրոցից, որտեղ անցյալ ուրբաթ օրը զինյալի կողմից բացված կրակի հետևանքով զոհվել էր 20 երեխա և վեց մեծահասակ:
Նյութաունի իշխանությունների համաձայն, իրենց դպրոցները վերադարձող աշակերտներին և դպրոցի վարչական մասի աշխատողներին օգնություն են պատրաստ ցուցաբերել բազմաթիվ խորհրդականներ և ոստիկանության ծառայողներ: Քաղաքի իշխանությունները հայտնել են նաև, որ «Սենդի Հուք» տարրական դպրոցի աշակերտներին նախատեսում են տեղափոխել Նյութաունի մոտակայքում գտնվող Մոնրո քաղաքի դպրոցի չօգտագործվող շենք:
Նահանգի իշխանությունների համաձայն, սպանդն իրականացրած զինյալը եղել է 20-ամյա Էդամ Լանզան, որը հայտի է եղել որպես զուսպ և հասարակությունից խուսափող տաղանդաշատ երիտասարդ: Լանզան, տանն իր մորը սպանելուց հետո, վերցրել էր վերջինիս պատկանող հրազենները և ուղևորվել տարրական դպրոց, որտեղ սպանդն իրագործելուց հետո ինքնասպան է եղել՝ ոստիկանության ուժերի մոտենալուն պես:
Զինյալի գործողությունների դրդապատճառները դեռևս անհայտ են:
Նյութաունում երեքշաբթի օրը կանցկացվի սպանդի ևս երկու զոհերի հուղարկավորության արարողությունը: Քաղաքում նախօրեին հողին էին հանձնվել մարդասպանի զոհերից երկուսի՝ վեց տարեկան երկու տղաների աճյունները:
«Ամերիկայի ձայն»