«Հեքըթոն 2012»-ն՝ շաբաթվա վերջին (տեսանյութ)
Հայաստանի ամենաակտիվ, ամենաստեղծագործ ու խնդիրների համար նորարար լուծումներ առաջարկող ծրագրավորողները ու հնարամիտները պատրաստվում են Հեքըթոն 2012-ին: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին և 23-ին: Այն անցկացվում է երկրորդ անգամ:
«Այս տարի ոլորտների սահմանափակում չենք դրել, թողել ենք, որ երազեն, մտածեն իրենց հուզող խնդիրների շուրջ և իրականացնեն իրենց գաղափարները»,- «Ա1+»-ին ասաց «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հուսյանը։
Հեքըթոն 2012-ը կազմակերպել են Հանրային լրագրության ակումբն ու Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Մրցույթը մտադիր է կյանքի կոչել բազմաթիվ գաղափարներ:
«Ստանում ես հնարավորություն իրականացնելու, զարգացնելու գաղափարը և հաջողվելու որպես բիզնես»,-ասաց Եվա Հուսյանը:
Մրցույթին մասնակցելու համար ոչ մի սահմանափակում չկա։ Կարող է մասնակցել ցանկացած հետքրքրիր գաղափար ունեցող: «Մենք երկու նոմինացիայի ենք դիմում։ Առաջինը Windows 8 հավելվածն է, իսկ երկրորդը՝ Android համակարգում նախատեսված ափլիքեյշնն է»,- ասում է ծրագրավորող Էդգար Հարությունյանը:
Ընդամենը 24 ժամում թիմերը կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող ծրագրի նախատիպը (դեմո տարբերակը): Իսկ հաջորդ օրն արդեն ժյուրին կորոշի հաղթողներին և կհանձնեն մրցանակները։ Այս տարի առաջին անգամ մասնակիցներին հատուկ մրցանակ է նախատեսել նաև Հանրային լրագրության ակումբը։
«Մրցանակները գումարային են՝ 300 հազարից մինչև 1 մլն. դրամ։ Դա այսօր բավականին լուրջ գումար է ծրագրավորողների համար»,- ասում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրենը:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենն ասում է՝ Հայաստանն այսօր լուրջ հայտ է ներկայացնում տեխնոլոգիական երկիր դառնալու։ Իսկ նման մրցույթներն օգնում են բացահայտելու այն երիտասարդներին, ովքեր Հայաստանը կդարձնեն Սիլիկոնային հովիտ։
«Եթե հարևան երկրների հետ համեմատենք, թե ընկերությունների քանակով, թե ինֆրաստրուկտուրայով Հայաստանը շատ ավելի առաջ է Վրաստանից և Ադրբեջանից։ Մենք այսօր մրցում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ»,- ասաց Եվա Հուսյանը։