Մի մոռացիր՝ օգնիր եղբորդ
ՙՕգնիր Եղբորդ՚ նախաձեռնության շրջանակներում տարբեր բարերարներից, անհատներից և կազմակերպություններից նվիրաբերվել է 41մլն 312660 ՀՀ դրամ, 750 000 ռուսական ռուբլի և շուրջ 31մլն 033210 ՀՀ դրամի պարենամթերք ՙՕգնիր Եղբորդ՚ քաղաքացիական նախաձեռնությունը մեկնարկեց ս.թ. սեպտեմբերի 18-ին՝ Սիրիայում տուժածների օգնելու նպատակով։
Երեք չվերթով օգնությունը տեղափոխվել է Հալեպ։
Հալեպ ուղարկված մարդասիրական օգնությունը ստանձնել են տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը և համահամայնքային ՙՇտապ օգնության՚ հանձնախմբի կազմակերպմամբ բաժանել կարիքավոր ընտանիքների, այդ թվում սիրիացիների։
Նախաձեռնությունն իր օգնության ձեռքն է մեկնել նաև Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցներին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով ՙՕգնիր եղբորդ՚ նախաձեռնությունը 5000000 (5մլն) դրամի փոխանցում է կատարել ՙՔաշաթաղ՚ հիմնադրամին։ 230 հոգու տրամադրվել է սպորտային կոշիկ և մարզական հագուստ։ 600 ընտանիքների տրամադրվել են 15 կգ-անոց պարենային արկղեր և 600 հոգու տաք ծածկոցներ։
Սիրիահայ մանուկների համար տարեվերջին կկազմակերպվեն տարեմուտի հանդեսներ և նրանց կտրվեն ամանորյա նվերներ։