Ակցիա Երեւանում ի պաշտպանություն Թեղուտի (տեսանյութ)
Բնապահպաններն այսօր կրկին Մաշտոցի պողոտայում։ Սակայն առիթը պուրակը չէր, այլ Թեղուտի հանքավայրում նոր բացահայտումները։
Ըստ նախաձեռնության անդամների Թեղուտում հանք շահագործող ընկերության պահանջով ERM միջազգային ընկերությունը վերագնահատել է 2006թ. գնահատած նախագիծը և ստացել է երկուս:
«Բոլոր կետերը խախտված են և սա է պատճառը, որ մինչ օրս այդ ընկերությունը չի հրապարակում դա: Պարզվեց, որ 2006-ի նախագիծը պտանի չէ և իրանք նոր պրոյեկտ են արել: Բայց հասկացել են, որ հասարակությունն ակտիվ է և իրենք չեն կարող պրոյեկտն անցկացնել»,-ասաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը:
Ըստ Արթուր Գրիգորյանի հանքաշահագործողները միայն տեղեկացրել են, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:
«2010թ. նախագծի համաձայն ավելացել է խորությունը`890 մետր, իսկ մինչ այդ 435-ն էր: Էլ չեմ ասում, որ թափոնների քանակն ավելանում է, ընդլայնվում է հանքաշահագործման տարածքը, անտառահատումներն ավելանալու են: Լրիվ նոր պրոյեկտ է և պետք է իրականացվեր ամբողջական նոր գնահատում, որը չի արվել:
Այս փոփոխությունների մասին բնապահպաններին հայտնի է դարձել միջազգային բնապահպանական փորձագիտական գնահատումներ կատարող կազմակերպության զեկույցից:
Իրենց իրազեկում-բողոք ակցիայի շրջանակներում «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները գրավոր տեսքով հանաքատարածքի բոլոր փոփոխությունները ներկայացրեցին գլխավոր դատախազությանը:
«Մեր բողոքը նաև պետական մարմինների դեմ է, որոնք անգործության պատճառով չեն հետևել այս գործընթացին»,-նշեց Աննա Շահնազարյանը:
Իրենց հաղորդումը ակցիայի մասնակիցները դատախազություն հանձնեցին կենտրոնական փողոցներով երթ անցկացնելուց հետո: