«Ավելի լավ է գնամ ԳՈՒՄ-ի շուկա»
Երևանում՝ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի տարածքում բացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ։
Այս տոնավաճառը հնարավորություն է տալիս գյուղացիներին իրենց սեփական արտադրանքը վաճառել՝ առանց տաղավարի համար վճարելու։
Տոնավաճառին մասնակցող գյուղացիները պնդում են, որ իրենք մթերքները ավելի էժան են առաջարկում, սակայն մատչելի գների սպասող գնորդները հուսահատված են։ Տեսականին այդքան էլ բազմազան չէր, վաճառողներն էլ քիչ էին։
Խնձորը տատանվում էր 250 ից 700 դրամի միջև։ Ընկույզի ամենացածր գինը 5000 դրամ է։
Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ Արա Խուդավերդյանը ասաց. «Սա գյուղացու համար լավ հնարավորություն է։ Մեր ձեռքով աճեցրած ապրանքը վերավաճառողին տալու փոխարեն մեր համար էլ օգուտով կվաճառենք»։
Նոր Տարվա համար էժան միրգ գնելու համար տոնավաճառ եկած Սիրանույշ Հակոբյանը հեռացավ՝ ոչինչ չգնելով.« Թանկ է, ավելի լավ է՝ գնամ ԳՈՒՄ-ի շուկայից առնեմ,քիչ մարդ է եկել,ընտրության հնարավորություն չկա»։
Գյուղացիները առիթը բաց չթողեցին ոռոգման ջրի գնից գանգատվելու համար՝ այս կերպ բացատրելով մթերքի թանկությունը։
Շուկան կգործի մինչեւ դեկտեմբերի 30-ը։