110 տոկոսանոց զեղչ (տեսանյութ)
«Արայ», «Վեգա» և «Տեխնոլայֆ» խանութների առաջարկած ամանորյա զեղչերը չեն համապատասխանում իրականությանը։ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել այս ընկերությունների նկատմամբ։ Այսօր հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովը պարզել է, որ, օրինակ, «Արայ» և «Տեխնոլայֆ» խանութները SMS հաղորդագրություններ են ուղարկել մի շարք քաղաքացիների, որտեղ նշվում է, որ խանութը մինչև 100 հազար դրամի չափով զեղչ է տրամադրում այդ խանութներից գնումներ կատարող քաղաքացիներին՝ նշելով, որ դա եզակի ակցիա է։ «Հանձնաժողովը պարզել է շատ ապրանքներ չեն զեղչվում, և զեղչը տարածվում է միայն որոշ տեսականու վրա։ Եվ սա ոչ թե եզակի, այլ սովորական ակցիա է»,- ասաց Արկատ Շաբոյանը։
Իսկ «Վեգա» խանութի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պատճառը խանութի առաջարկած 110% զեղչն է. «Հանձնաժողովը պարզել է, որ դա անիրատեսական է»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Ինչպես նշեց Արտակ Շաբոյանը՝ երկրորդ անգամ նույն խնդիրը բացահայտելու դեպքում հանձնաժողովը շատ ավելի խիստ է լինելու։