Նախարարը կգտնի «ձկներին» (տեսանյութ)
Առողջապահության ոլորտում Կառավարության կողմից հաստատված գրեթե բոլոր ծրագրերն իրագործվել են։ Այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ԱՆ նախարար Դերենիկ Դումանյանը։ «Միակ հարց, որը հետաձգել ենք հաջորդ տարվան, Վայոց ձորի արդիականացման ծրագիրն է, քանի որ խնդիրներ կային, որ պետք է հստակեցնեինք մարզպետի հետ»,- ասաց նախարարը։
2012-ի գլխավոր ձեռքբերումներից Դերենիկ Դումանյանն առանձնացրեց մարզերի համաչափ զարգացման ծրագիրը, որով շարունակվել է դեռևս 2007թ.-ից սկսված առողջապահական համակարգի արդիականացման ծրագիրը։ «Այդ թվականից մինչև այսօր Հրազդանի, Իջևանի, Արմավիրի, Արարատի, Գորիսի, Ապարանի և Գավառի բժշկական կենտրոններն են վերակառուցվել, իսկ այս տարի բացեցինք առաջին լիովին նոր բազմապրոֆիլ հիվանդանոցը Գյումրիում»,- ասաց Դերենիկ Դումանյանը։ Այս ծրագիրը շարունակվելու է նաև 2013թ.-ին, և ինչպես նշեց նախարարը՝ արդեն իսկ սկսվել են Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնների վերակառուցման աշխատանքները։
2013թ.-ին Առողջապահության նախարարությունը նախատեսում է նաև բարձրացնել բժիշկների աշխատավարձը։ Նախարարի խոսքերով՝ կբարձրացվեն նաև բուժհաստատություններում աշխատող այլ մասնագետների աշխատավարձերը։ Իսկ աշխատավարձերը նախատեսվում է բարձրացնել բոնուսների համապատասխան բաշխման միջոցով, քանի որ բյուջեով այդ նախատեսված չէ։ «Պայմանագրերը կնքելիս մենք այնտեղ սահմանելու ենք նվազագույն աշխատավարձ յուրաքանչյուր կատեգորիայի մասնագետի համար։ Դրանով մեզ կհաջողվի նվազագույն աշխատավարձ սահմանել, որ դրանից ավել գործաղությունների համար միջոցներ նախատեսվեն»,- ասաց նախարար Դումանյանը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նաեւ նշեց, որ եթե կհայտնվեն մարդիկ՝անկախ պաշտոնից կթերական իրենց պարտականությունները կատարելիս, նրանց նկատմամբ ներում չի լինելու։
«Առողջապահության ոլորտում մենք դեռևս ուզում ենք հայտնաբերել այդ մեծ ձկներին, որպեսզի գլխից կարողանանք բռնել»,- ասաց նախարարը։
Նախարարը նշեց, թե ինքը խնդիր չունի եւ եթե կհայտնվեն մարդիկ, ովքեր իրենց պարտականությունները չեն կատարի` անկախ իրենց մեծությունից`բոլոր իմաստներով, կպատժվեն: