Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անսթափ վարորդներին կուղեկցեն տուն

Հասարակություն
99aa2327d022fe4247a6769789fc33b6

Անցնող 2012-ի ավարտին Ճանապարհային ոստիկանության գրանցած ամենամեծ հաջողությունը նախորդ տարվա համեմատությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարենրի հետեւանքով գրանցված զոհերի թվի զգալի նվազումն է։

«2011-ը ամփոփեցինք Ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետեւանքով ունեցած զոհերի 34-ով աճով, այս տարի տարին կամփոփենք 15 զոհ պակասով»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս դրական ցուցանիշը հաջողվել է գրանցել հիմնականում ոստիկանության՝ տեխնիկական սարքերով զինվելու շնորհիվ։ Տարվա ընթացքում Երեւանի 35 խաչմերուկներում տեղադրվել են երթեւեկությունը նկարահանող սարքեր, 43 արագաչափ սարքեր՝ հանրապետության տարբեր ճանապարհների ու փողոցների վրա։ Հաջորդ տարի դրանց թիվը ավելանալու է։

Ընդհանուր առմամբ, անցնող տարվա ընթացքում գրանցվել է 2577 ՃՏՊ, որոնց հետեւանքով զոհվել է 306 մարդ, մարմնական վնասվածքներ է ստացել 3702 մարդ։
Ընդ որում, զոհերի 1/3-ը կարգազանց հետիոտներն են։

Պատահարների հետեւանքով տեղի ունեցած զոհերի նման ցուցանիշ գրանցվել է մեկ էլ 2005-ին։ Ըստ Նորիկ Սարգսյանի, այս ցուցանիշը ուշագրավ է այնքանով, որ այս ընթացքում երթեւեկության մասնակիցների քանակը անընդհատ աճում է: Միայն 2011 եւ 2012 թվականներին հանրապետություն է ներկրվել 60 հազարից ավել ավտոմեքենա, որոնցից 50 հազարը երթեւեկում է Երեւանում։

Այս պահին ճանապարհային ոստիկանությանը մտահոգող հիմնական խնդիրն է այնպես անել, որ գալիք տոնական օրերին չկրկնվի անցյալ տարիների տխուր վիճակագրությունը:

Նա հիշեցրեց, որ նախորդ երկու տարիներին միայն տարեմուտի տոնական երկու օրերին՝ դեկտեմբերի 31 եւ հունվարի 1 -ին տեղի են ունեցել բազմաթիվ ՃՏՊ-եր, որոնց հետեւանքով զոհվել են 5-ական մարդիկ։

«Պահանջում ենք բոլոր վարորդներից, ղեկին գտնվել միմիայն սթափ վիճակում։ Թող չփորձեն տոնական օրերին երթեւեկելը վերածել խրախճանքի», - ասաց գնդապետ Սարգսյանը։

Նրա խոսքով, տոնական օրերին անսթափ վարորդ հայտնաբերելիս ճանապարհային ոստիկանը նախ կտուգանի նրան ինչպես հարկն է, ապա կուղեկցի մեքենան ոչ թե տուգանային հրապարակ, ինչպես արվում է սովորաբար, այլ վարորդի տուն՝ կրկին անգամ բարեկամաբար հորդորելով ղեկին նստելուց առաջ խմիչք չօգտագործել։

Բացի դրանից, տոնական օրերին իրենց երեւանցի գործընկերներին օգնության կգան 40 մարզային տեսուչներ՝ հսկելու մայրաքաղաքի երթեւեկության անվտանգությունը։
Նորիկ Սարգսյանն անձամբ Ամանորի գիշերը հերթապահություն է իրականացնելու Հանրապետության հրապարակում։

Մգեցված ապակիները ՃՈ-ին չեն մտահոգում

Մգեցված ապակիներով երթեւեկելու համատարած սովորությունն, ամենայն հավանականությամբ Հայաստանում կպահպանվի նաեւ 2013 թվականին։ Բացատրությունը մեկն է՝ բնակլիմայական առանձնահատկությունները։

«Մենք այժմ խնդիր չունենք հատուկ մգեցված ապակիներով զբաղվելու, քանի որ ունենք կառավարության որոշում` զուտ ելնելով Հայաստանի բնակլիմայական պայմաններից, արեւոտ երկրում ենք ապրում, բազմաթիվ բողոքներ եղան ազգաբնակչության կողմից՝ «ինչու չեք տեղադրում», կառավարությունը գնաց էդ քայլին, թույլատրեց», - «Ա1+»-ի խնդրանքով պարզաբանեց Նորիկ Սարգսյանը։
Նա նշեց նաեւ, որ մգեցված ապակիները երթեւեկությանը «այդքան էլ չեն խանգարում»։

Մեր խնդրանքով անդրադառնալով կարգազանց հետիոտների խնդրին, պարոն Սարգսյանը նշեց, որ ի տարբերություն 2011-ի, երբ ՃՈ-ն պատժել էր շուրջ 40 հազար հետիոտների, 2012-ին անկարգ հետիոտների նկատմամբ կազմվել է ընդամենը 17 հազար արձանագրություն։ Սակայն պատճառն այն չէ, որ մեր քաղաքացիները ավելի օրինապաշտ են դարձել։

«2012-ին ոստիկանությունն այլ մարտավարություն է կիրառել օրինախախտ հետիոտների նկատմամբ՝ զգուշացնելով նրանց բարձրախոսների միջոցով  խախտման անթույլատրելիության մասին։ Քանի որ հետիոտնի նկատմամբ արձանագրություն կազմելը դժվար է եւ դժգոհություններ է առաջացնում քաղաքացիների շրջանում», - ասաց ոստիկանության գնդապետը։