Երբ քահանան ուղարկեց քավորի հետեւից (տեսանյութ)
Ալլա Կարապետյանի ընտանիքը Սուրբ Ծնունդը նշում է երկու անգամ. «Երեկ Հայկական եկեղեցում էի, այսօր, ահա այստեղ եմ եւ մայրիկիս համար մոմեր եմ տանում»։
Ուղղափառների Սուրբ Ծնունդի առավոտը Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցի միայն ռուսներ չեն այցելում։ Տիկին Ալլան հպարտությամբ նշում է, որ իր ընտանիքն իսկական միջկրոնական համերաշխության օրինակ է:
«Մեր տանը երկու ուղղափառներ կան՝ ես եւ մայրս, իսկ հայրս ու քույրս հայկական եկեղեցու հետեւորդներ են։ Մայրս էլ հանգիստ հայկական եկեղեցի է այցելում, եւ ոչ մի անգամ որեւէ մեկը չի ասել՝ ինչու ես դու՝ ռուս ուղղափառդ, հայկական եկեղեցի այցելում»,-ասաց նա։
Տիկին Ալլային տանը սպասում է դեռ նախորդ երեկո պատրաստված տոնական սեղանը;
Եգանյան Անահիտն Ամանորը դիմավորել է պահքի մեջ՝ Սուրբ Ծնունդից առաջ հրաժարվելով կենդանական ծագման սնունդից։ Ամուսինը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, իսկ երկու չափահաս տղաները դեռ եկեղեցի չեն ընտրել։ Ինքը՝ տիկին Անահիտը, տարիներ առաջ դստեր հետ միասին ընտրել է ուղղափառ դավանանքը, իր խոսքերով, պատահմամբ։. « Ուզում էինք հայկականում կնքվեինք, ճիշտն ասած, գնացինք եկանք մի քանի անգամ, բայց չստացվեց։ Քահանան մեզ ասաց՝ գնացեք հարուստ քավոր ճարեք հետո կգաք կկնքվեք»։
Նախկին մանկավարժ, ներկայումս թոշակառու Նինա Իվանովնա Սուքիասյանը ոչ խորհրդային տարիներին, ոչ էլ հիմա կրոնական ծեսերի ու ավանդույթների մասին շատ բան չգիտի, սակայն իրեն եկեղեցուն մոտ մարդ է համարում։