Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադոնցի հայրական տունը չի նորոգվում

Հասարակություն
6623dbbcdff83d3117817ff2b7adb1ef

Բռնակոթցի Սամվել Սահակյանը պատից ցած է իջեցնում գյուղում մեծ հարգանք վայելող Տեր-Ավետիք ազգի տոհմածառը, որի հեղինակը նրա հայրն էր` Արամայիս Սահակյանը:

«Այս տոհմածառի պատմությունը սկսվում է 1680-ական թվականից: Էս տոհմածառի մեջ Աղաբեկ, Խաչատուր: Խաչատուրից հետո, Ադին որի որդիներից է աշխարհահռչակ բյուզանդագետ, լեզվաբան, պատմաբան հսկա այդ մեծ կաղնին մեր Նիկողայոս Ադոնցը»,- նշում է նա:


142 տարի առաջ` հունվարի 10-ին, Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց աշխարհահռչակ հայագետ ու բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցը:

Նա հայրենիքում քիչ է ապրել, իսկ կյանքի վերջին 22 տարիները անցկացրել է Եվրոպայում:

Աշխարհահռչակ գիտնականը ողջ կյանքում ապրել է հայրենիքի ճակատագրով, երազել այն տեսնել ազատ ու անկախ:

Հիմա Բռնակոթում Ադոնց ազգանվամբ շատ քիչ մարդ կա, դրանց մատների վրա կարելի է հաշվել:

Բռնակոթում պահպանվում է Նիկողայոս Ադոնցի հայրական տունը, որի 2-րդ հարկը փլուզվել է 1931թ.-ի երկրաշարժից: Տունը վերակառուցելու եւ այն որպես թանգարան ծառայեցնելու բազում խոստումներ են եղել, ոչ ավելին:

«Մարզպետն ա եկել խոստացել թե կնորոգենք, չի նորոգել: Ես էլ նամակ եմ գրել Երեւան նախարարին՝ Հասմիկին, որ ուզում ենք էդ շենքը ռեմոնտ անենք էլի, գումար պան ուղարկեք կամ եկեք: Խոստացել են որ կգան դրանք էլ ըտեղ չեկան: Կրիշը պիտի փոխվի, պատերը սվաղվի, պատալոկը սարքվի, որ նոր տառնա թանգարան»,- ասում է Ն. Ադոնցի հորեղբոր տղա, 86-ամյա Հրաչիկ Ադոնցը:

Եթե մեծ հայի ու հայրենասերի տան նկատմամբ անուշադրությունը այսպես շարունակվի, մի օր 1861թ.-ին կառուցված տունը գետնին կհավասարվի վստահ են Բռնակոթում:

Այսօր Սիսիանում Ն. Ադոնցի անունը կրող պատմության թանգարանի հարեւությամբ կանգնեցված արձանին ծաղիկներ դրեցին եւ նրա հիշատակին գլուխ խոնարհեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչները:

 

Արմեն Հովակիմյան
Սիսիան