Պահքով պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին
Այս տարի հունվարի 21-ին սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 25-ը ներառյալ:
Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել:
Պետք է նշել, որ հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներն ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակը: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ թե սովորական պահք, թողնում են հավատացյալի կամքին։
Առաջավորքը, որին կիրակի օրը նախորդում է իր բարեկենդանը (պահքի շրջանին նախորդող ուրախության օր) սկսում են պահել Մեծ Պահքից 3 և Զատկի տոնից 10 շաբաթ առաջ։
Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: Առաջավորքը պահում են 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ, որին շաբաթ օրը հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքր հաճախ կոչում են Սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը):
Հունվարի 25-ի երեկոյան անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին և հաղորդվել, որով և դուրս գալ պահքից:
Հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը։