Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբաստանյալը կարել է բերանը

Հասարակություն
5ae24da8435f16be8e0d10081bec1015

Հունվարի 14-ից «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Շալիկո Մանուչարյանն անժամկետ հացադուլ է սկսել ու կարել բերանը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը` իր պաշտպանյալի բողոքն ուղղված է նախաքննական մարմնի ու դատախազության անօրինական, ինչպես նաեւ` դատարանի ապօրինի որոշումների դեմ:

Շալիկո Մանուչարյանը մեղադրվում է Քր. Օր 112 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքին ծանր վնասվածք հասցնել` խուլիգանական դրդումներով:

Փաստաբան Հակոբյանի փոխանցմամբ` իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի համարում. «Ավելին, իրեն` հանցանքի կատարման մեջ մերկացնող արժանահավատ եւ թույլատրելի ապացույցներ քրեական գործում չկա: Երեւի նախաքննական մարմինն ի դեմս Շալիկո Մանուչարյանի, հարմար կլիենտ է գտել դատապարտելու համար»:

Ռուբեն Հակոբյանը նշեց նաեւ, որ ինքը հորդորել է նրան` չանել հացադուլ, սակայն ապարդյուն: Նրան մի քանի անգամ այցելել են բժիշկներ, որոնք, սակայն, «Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմից չեն. փաստաբանի ասելով` ՔԿՀ-ն չունի բուժկետ: «Շալիկո Մանուչարյանը կարողանում է միայն ջուր խմել, սակայն ոչ մի տեսակի սնունդի չի ընդունում: Նրա` բերանի կարած տեղերում թախային պրոցես է սկսվել, ճնշումն է իջնում, այս պահին շատ վատ է նրա առողջական վիճակը»,- նշեց պարոն Հակոբյանը:

Ի դեպ, իբրեւ խափանման միջոց` դատարանը մեկ ամսյա կալանք էր նշանակել, որի ժամկետը լրանում է հունվարի 30-ին: Մինչեւ հունվարի 25-26-ը կլինի դատական նոր նիստ, եւ փաստաբանը հույս ունի, որ միգուցե իր պաշտպանյալին ազատ արձակեն:

Իսկ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղալեչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեղադրյալ Շալիկո Մանուչարյանի առողջական վիճակը բավարար է, նա հացադուլն անցկացնում է առանձին խցում, իսկ ՔԿՀ-ի սոցիալական-հոգեբանական-իրավական բաժնի աշխատակիցները հանդիպում են նրա հետ զրուցում ու փորձում ետ կանգնեցնել հացադուլից: