Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սրտի վիրահատության ծախսերը կհոգա պետությունը

Հասարակություն
556f4b1bcb4537547693e936e0b9df5e

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ ընդունեց Հայատանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող «ONLIUS CARDIO-TUSCANIA» թիմի անդամներին։
Պիզայի համալսարանական կլինիկայի փորձառու սրտային վիրաբույժներից, անեսթեզիոլոգներից և այլ մասնագետներից կազմված թիմի անդամներն այցելել են Հայաստանում գործող սրտաբանական մի շարք կլինիկաներ։

Նրանք նշեցին, որ Երևանում սրտային վիրաբուժությունը բավական բարձր մակարդակի վրա է գտնվում;
Իտալացի գործընկերները նախարարին առաջարկեցին առաջիկայում համատեղ քննարկել և որոշել, թե հատկապես ինչպիսի աջակցություն կնախընտրի Հայաստանը սրտաբանության բնագավառում։ Նրանք պատրաստակամություն հայտնեցին բարձր մասնագիտացում պահանջող այս ոլորտում ինչպես մասնագետների վերապատրաստումներ կազմակերպելու, համատեղ վիրահատություններ կատարելու, այնպես էլ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու։

Դեսպան Սկապինին, կարևորելով առողջապահության ոլորտում երկու երկրի միջև համագործակցության ընդլայնումը, նշեց, որ մինչև գարուն առավել կհստակեցվեն համագործակցության եզրերը: Նշենք, որ Իտալիայի առողջապահության նախարարի հրավերով գարնանը սպասվում է Դերենիկ Դումանյանի այցն Իտալիա։

Նախարար Դումանյանը շնորհակալություն հայտնեց իտալացի բժիշկների մարդասիրական այցի համար։ Նա ներկայացրեց վերջին տարիներին Հայաստանում ինչպես համակարգում, այնպես էլ սրտաբանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առաջընթացը։ Նաև տեղեկացրեց, որ Ֆրանսիայի մեր հայրենակիցների ջանքերով հանրապետության հարավային սահմանում՝ Գորիսում ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվում է սրտաբանական ժամանակակից նոր կենտրոն, որտեղ ծառայություններ, այդ թվում ինվազիվ վիրահատություններ, կմատուցվեն ինչպես Սյունիքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Եկող տարվանից կավելացվի այն խմբերի ցանկը, որում ընդգրկվածների սրտի վիրահատության ծախսերը կհոգա պետությունը։

Այս մասին հայտնում է ԱՆ-ը։