Ռիելտորները բողոքի ժողով կանեն
«Արտոնագրային վճարների» մասին օրենքի փոփոխություններից դժգոհ են նաև անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերությունները:
Ըստ այդ օրենքի` անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությամբ զբաղվող ընկերությունները ամսական պետք է վճարեն 60 հազար դրամ Երևանում, իսկ մարզերում 10-15 հազ. դրամ:
«Վնասները օրենքի հետևանքով ավելի շատ են լինում, քան եկամուտները, դա պարզ է հասարակ հաշվարկներով» , -ասաց «Բորսա» գործակալության տնօրեն Արտյոմ Պլիբինսկին:
«Արգո» ընկերության տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը պնդեց, որ օրենք ընդունելիս իրենց հետ այն չի քննարկվել, չեն հաշվի առել իրենց կարծիքը. «Այս օրենքը մեզ կտանի դեպի մոնոպոլիա և ավելի կմեծացնի ստվերը, օրենքը նախաձեռնողները երևի ցանկացել են լավ բան անել , սակայն օրենքը չի ստացվել»:
Ըստ նրանց` օրենքի կիրառման արդյունքում ընկերությունները կկանգնեն մի շարք խնդիրների առաջ ` աշխատատեղերի կրճատում, մի շարք ընկերություններ ուղղակի կփակվեն, կավելանա ոլորտի ստվերը և այլն:
Բանախոսները հայտարարեցին, որ բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին և այլ իրավասու անձանց՝ օրենքը վերանայելու համար, իսկ վաղը ոլորտի շուրջ 30 ընկերություններ ժողով կանկացնեն «Թեքեյան» կենտրոնում հարցերը քննարկելու համար: