Ստոմատոլոգներն արդեն գործի չեն գնում (տեսանյութ)
Բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Սարգսյանն արդեն երկու շաբաթ է փակել է իր կլինիկան: Այսօր նա առաջին անգամ է բացում կլինիկայի դուռը` մեր խնդրանքով: Սպիտակ խալաթ չի հագնում, քանի որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություներից հետո հաճախորդ չունի:
«Հապճեպ բերեցին ու ասացին, որ այսօրվանից սկսած պետք է աշխատեմ նոր հարկային դաշտում։ Ամեն մի ստոմատոլոգիական աթոռի համար ինձնից գանձվելու է 60 հազար դրամ»,- ասում է նա։
Մինչ օրենսդրական փոփոխությունը ստոմատոլոգները հարկ վճարում էին ըստ Հաշվիչ Դրամարկղային մեքենայի տարեկան շրջանառության: Բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Սարգսյանն իր կլինիկայում ուներ 5 հոգանոց աշխատակազմ, նոր օրենքից հետո բոլորն ազատվել են աշխատանքից:
«Մենք ստիպված ենք դեռ սպասել, եթե փոփոխություներ եղավ շատ բարի, եթե չէ, ուրեմն պետք է լքենք երկիրը»,- հայտնեց նա։
Որ այս օրենքի արդյունքում բազմաթիվ բժիշկ-ստոմատոլոգներ աշխատանք չեն ունենա և կբռնեն արտագաղթի ճամփան, չի հերքում նույնիսկ Առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը. «Մենք կունենանք նաև կրճատումներ, կրճատումների հետ կունենանք նաև սոցվճարների մուտքերի նվազում»:
Թե ինչու առանց Առողջապահության նախարարության հետ քննարկման նման օրենք է առաջարկվել, այս հարցի պատասխանը կարող է տալ միայն Ֆինանսների նախարարությունը, որտեղից մեզ թեև խոստացան պարազաբանումներ տալ, սակայն այդպես էլ չտվեցին: