«Շիրակը» պայքարը կսկսի 1-ին փուլից
Եվրոպայի ֆուտբոլի ակումբային գավաթների գալիք մրցաշարերին Հայաստանից հանդես կգան 4 թիմ:
Գյումրիի «Շիրակը» երկրորդ անգամ կմասնակցի չեմպիոնների լիգայի մրցաշարում: Մեր թիմը պայքարը կսկսի որակավորման 1-ին փուլից, քանի որ Հայաստանը ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում 53 երկրների մեջ զբաղեցնում է 50-րդ տեղը:
«Շիրակի» առաջիկա մրցակիցը կարող է լինել Սան Մարինոյի, Անդորայի («Լուսիտանոս») կամ Ֆարերների («Ստրեյմուր») չեմպիոններից որեւէ մեկը: Հաջորդ փուլ մտնելու դեպքում մերոնց սպասում է ավելի լուրջ մրցակից, հանձինս Գլազգոյի «Սելթիկի», Զագրեբի «Դինամոյի» կամ Բուխարեստի «Ստյաուայի»:
2013-14 թթ Եվրոպայի լիգայի խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր Երեւանի «Միկան», բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը» եւ հանրապետության գավաթակիր Երեւանի «Փյունիկը»: Առաջին երկուսը ընդգրկվել են ներքեւի, իսկ «Փյունիկը»` վերեւի խմբում: Դա նշանակում է, որ փյունիկցիներին բաժին կհասնի համեմատաբար ավելի թույլ մրցակից, մասնավորապես Սան Մարինոյի, Մալթայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի, Ֆարերների կամ Անդորայի ներկայացուցիչ:
Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի առաջին երկու փուլերի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 24-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում: Որակավորման 1-ին փուլի խաղերը կկայանան հուլիսի սկզբին (2-3-ին եւ 9-10-ին չեմպիոնների լիգան, 4-ին եւ 11-ին` Եվրոպայի լիգան):